Նպատակ | Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը: Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ՝ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի համար ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա երեք տարիների համար: Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Համայնքային ոլորտային գերակայությունները որոշվում են ինչպես համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի գերակայությունների, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունների հիման վրա: Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են սոցիալական ապահովության խնդիրները` ուշադրություն դարձնելով անապահով ընտանիքներին, թոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների համար լուծում պահանջող ուղղությունները: |