Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2022թ. Փոքրիկ խոհարարը Սևանից |  Սևանցի փոքրիկ խոհարար Մհեր Հարությունյանի հետ ծանոթացել եմ դեռևս 2020թ.-ին. առիթը նրա մասնակցությունն էր Գորիսում կազմակերպված խոհարարական դասընթացներին, դրան հաջորդող մրցույթին և 1-ին մրցանակին արժանանալը: Դեռևս այն ժամանակ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը նկատել էր. «Մհերի և Մհերանման հայորդիների մեջ եմ տեսնում մեր ազգային խոհանոցի ապագան»։ Մհերի հետ երկրորդ հանդիպումը 2021թ.-ի մայիսին էր, երբ Մհերը մասնակցեց Տոլմայի Համահայկական 10-րդ փառատոնին: Ի դեպ, նա մասնակիցներին ամենակրտսերն էր և մասնակցում էր պարոն Մամուլյանի հրավերով: Այդ փառատոնում էլ Մհերն արժանացել է ժյուրիի հիացմունքին: Մհերի հերթական հաջողության մասին լսեցինք օրերս: Նա մասնակցել է Գորիսի «Ավագյանս» ռեստորանում կազմակերպված խոհարարական մեկամսյա դասընթացներին, ապա դրան հաջորդող մրցույթում ցուցաբերել է լավագույն արդյունք: Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտ, շուտով 9-ամյակը բոլորող Մհեր Հարությունյանը, ինչպես միշտ, հիացրել է իր փոքրիկ մատների ու մտքի հերթական «ստեղծագործությամբ»` բազմազանություն ու տաք գույներ ավելացնելով մեր իրականության մեջ: Մհերը գծագրել է նաև իր ապագան. նա ցանկանում է դառնալ հայտնի խոհարար և Սևանում բացել ռեստորան: |
|
|