Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/10/2025
Բելգիայի թագուհին Ծաղկունքում մասնակցեց «Հայ-բելգիական անտառի» հիմնարկեքին

Նորին Մեծություն Բելգիայի Թագուհի Մաթիլդան այցելեց “My Forest Armenia” կազմակերպության՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք բնակավայրում գտնվող անտառապատման տարածք՝ մասնակցելու «Հայ-բելգիական անտառի» պաշտոնական հիմնարկեքի արարողությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելգիայի թագուհին աշխատանքային այցով Հայաստանում է՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Բելգիայի Թագուհի Մաթիլդան իր անվանական ծառը տնկեց «Հայ-բելգիական անտառում»՝ ի նշան Բելգիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության։ Թագուհուն ողջունեցին “My Forest Armenia” կազմակերպության հիմնադիր, բելգահայ բարերար Անտրէ Գումուշճեանը և իր թիմը, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Նոր անտառը՝ կազմված 60 000 ծառերից, որը զբաղեցնում է 20 հեկտար տարածք, ստեղծվել է բելգիացի և հայ անհատների ու կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ և տնկվել է 2025 թվականին՝ տեղի բնակիչների կողմից։ Անտրէ Գումուշճեանը Թագուհուն ներկայացրեց “My Forest Armenia” կազմակերպության առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով անտառների պահպանման և վերականգնման կարևորությունը։ «Մեզ համար մեծագույն պատիվ է, որ Նորին Մեծություն թագուհի Մաթիլդան է անում այս երիտասարդ անտառի հիմնարկեքը՝ այսպիսով ընդգծելով անտառների կարևորագույն նշանակությունը։ Անտառները մեր մոլորակի վրա կյանքի աղբյուր են։ “My Forest Armenia” -ի առաքելությունը՝ Հայաստանի անտառածածկույթի ընդլայնումն ու վերականգնումը, ավելի քան երբևէ արդիական է։ Մինչ երկիրը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության COP-17 համաժողովը, մենք պետք է ավելի մեծ ռեսուրսներ տրամադրենք անտառների կայուն վերականգնմանն ու հարգանքով վերաբերվենք տեղի կենսաբազմազանությանը»,- ասաց Գումուշճեանը։ Կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն իր հերթին Բելգիայի թագուհուն ներկայացրեց Ծաղկունքում իրականացվող անտառվերականգնման ծրագրի մանրամասները։ «Հաշվի առնելով տեղական կենսաբազմազանությունը՝ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, որոնք աճեցվել են կազմակերպության տնկարաններում, այդ թվում՝ վայրի տանձ, վայրի խնձոր, սոճի, կաղնի, կեչի, չիչխան, սրնգենի։ Ծառատունկի աշխատանքներում ներգրավվել է շուրջ 50 մարդ»,- տեղեկացրեց Մարտիրոսյանը։ Արարողությունից հետո Թագուհի Մաթիլդան քայլեց նորատունկ ծառերի շարքերով և զրուցեց կանաչապատման աշխատանքներ իրականացնող աշխատակիցների հետ։ “My Forest Armenia” կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին՝ Հայաստանի անտառածածկույթը կայուն կերպով ավելացնելու առաքելությամբ։ Կազմակերպությունն արդեն իսկ անտառապատել է 825 հա տարածք համայնքային հողերում և Դիլիջանի ազգային պարկում (ավելի քան 2 600 000 ծառ)։ Անտառվերականգնման նպատակով կազմակերպությունը աճեցնում է բացառապես տեղական անտառային ծառատեսակների տնկիներ՝ սեփական տնկարաններում և ջերմատներում, որոնք օգտագործվում են գարնան և աշնան ծառատունկի սեզոններին։ Մինչև 250 սեզոնային աշխատողներ տեղական համայնքներից միանում են կազմակերպության 48 աշխատակիցներից բաղկացած հիմնական թիմին ծառատունկի և խնամքի աշխատանքների ընթացքում։

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/hy/article/1232201?fbclid=IwY2xjawNdbHRleHRuA2FlbQIxMABicmlkETEwQmRFUjRQd0hrVkp6UDliAR6XGSnKPxK2yPdiUR1Ic73QvuxxkkFRs0pad1IjSkDHHHcGWZ0MQ4FI3LhTow_aem_bmBRqThdAmNVMG661CzTnQ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner