Սևանի համայնքապետարանում քննելով Սեդրակ Ռազմիկի Միքաելյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը 08.08.2024 թվականին քաղա. Սեդրակ Ռազմիկի Միքաելյանի նկատմամբ կազմել է արձանագրություն այն մասին, որ քաղաքացին առանց օրենքով սահմանված կարգի Սևանի թերակղզում՝ դեպի Սևանավանք բարձրացող աստիճանների աջ մասում ապօրինի տեղադրել է մետաղական ոչ հիմնական շինություն, որտեղ իրականացվում է ապրանքների մանրածախ առևտուր։ Այդ փաստի առթիվ Սևանի համայնքապետարանում Սեդրակ Միքաելյանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Քաղաքացի Սեդրակ Միքաելյանը հրավիրվել է Սևանի համայնքապետարան և տվել է բացատրություն։ Ըստ այդ բացատրության՝ տվյալ ոչ հիմնական շինությունը տեղադրված է եղել 2018 թվականից։ Սակայն հստակ չի պարզաբանվել՝ թե տաղավարը ում կողմից է տեղադրվել։ Մի շարք կարևոր հանգամանքներ, ինչպես նաև իրավախախտում կատարած անձի ինքնությունը հայտնաբերելու նպատակով վարչական վարույթը սահմանված կարգով կասեցվել է։ Կասեցման ընթացքում հայտնի է դարձել մի շատ կարևոր հանգամանք։ Պարզվում է, որ 2024 թվականի հունվարի 16-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Սեդրակ Ռազմիկի Միքաելյանի հայցը ընդդեմ Սևանի համայնքապետարանի։ Ըստ այդ դատական վճռի անվավեր է ճանաչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 18-ի թիվ 635-Ա որոշումը՝ Սեդրակ Միքաելյանին վարչական տուգանքի ենթարկելու մասին։ Մյուս կողմից, համաձայն «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի պահանջների՝ վարչական վարույթը կարճվում է, եթե գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած դատական ակտ։ Բայց նյութերի քննության ընթացքում պարզվում է նաև, որ քաղաքացի Սեդրակ Միքաելյանը խախտել է ՀՀ կառավարության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման պահանջները ոչ հիմնական շինություն տեղադրման մասին։ Պետական սեփականություն հանդիսացող հողատարածքում այդ տաղավարի ապամոնտաժման անհրաժեշտության մասին Սևանի համայքապետարանին տեղեկացվել է ՀՀ Քաղաքաշինության տեսչական մարմնի կողմից։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի և 42-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.
1․ Պահանջել Սեդրակ Ռազմիկի Միքաելյանից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում ապամոնտաժել Սևանավանք բարձրացող աստիճաններից աջ՝ 2018 թվականից տեղադրված ոչ հիմնական շինությունը, տարածքը բերել նախկին տեսքի և այն սահմանված կարգով հանձնել հողի սեփականատիրոջը։
2․ Սույն որոշման պահանջը ինքնակամ չկատարելու դեպքում՝ հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։