Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 479-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2025 թվականի N 479-Ա

«ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՏՆՕՐԵՆ ՍԵՅՐԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԳՈՒԼԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Սեյրան Սերյոժայի Գուլանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի. 08․01․2025թ․ ՀՀ Գլխավոր Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետը գրությամբ տեղեկացնում է, որ «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանը փաստացի կառուցվել է և շահագործման է ընդունվել այլ տարածքում՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գոտում։ Արդյունքում. կառուցված գույքային միավորը իրավունքի պետական գրանցում է ստացել Ծովագյուղ գյուղի Մաշտոցներ տեղամաս 1 հասցեում, սակայն փաստացի այն գտնվում է չկառուցապատված հողատարածք հանդիսացող պարկի պահպանության գոտում։ Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշպանության վարչության պետը գրությանը կից ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 08․11․2024թ․ արձանագրությունը քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ 10․01․2028 թվականին Սևան համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ կադաստրի պետական կոմիտե՝ խնդրելով տրամադրել ավտոգազալցակայանի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները էլեկտրոնային տարբերակով Սևան համայնքի Ծովագյուղ գյուղի Մաշտոցներ փողոց 1 հասցեի / կադաստրային ծածկագիր՝ 05-049-0353-0005/ նկատմամբ։ ՀՀ կադաստրի պետական կոմիտեն էլեկտրոնային եղանակով Սևանի համայնքապետարանին է տրամադրել համապատասխան նյութերը։ Նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ 2009 թվականի հոկտեմբերի 16-ին կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է քաղաքացի Հրանտ Մադաթյանի սեփականության իրավունքը 96․80քմ մակերեսով խանութի և 0․50 հա մակերեսով հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը /վկայական 2384085/։ Անշարժ գույքի գտնվելու վայրը նշվել է Դիլիջան-Սևան ճանապարհի աջակողմյան հատվածը։ Անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթուղթը հանդիսանում է անշարժ գույքի առքուվաճառքի պայմնագիրը՝ վավերացված 13․10․2009 թվականին։ Ըստ վկայականի՝ հողամասի տվյալներ բաժնում հողի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ օգտագործման նպատակը՝ ավտոլիցքավորման կետ։ Միաժամանակ պետք է նշվի 31․05․2005 թվականին իրավունքի պետական գրանցման վկայականով խանութի սեփականատեր է հանդիսացել քաղաքացի Հենրիկ Հակոբյանը, և օգտագործման իրավունքով նրան է պատկանել նաև 0․50 հա հողատարածքը։ Անշարժ գույքի ձեռք բերման իրավունքը հաստատող փաստաթուղթ է հանդիսացել Սևանի ժողդատարանի 08․12․1997 թվականի վճիռը, որով ճանաչվել է քաղաքացու սեփականության իրավունքը գոյություն ունեցող խանութի նկատմամբ։ 21.09.2009 թվականին քաղաքացի Հրանտ Մադաթյանին և «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն վարձատուն վարձակալին է հանձնել վերոհիշյալ գույքը։ 05․11․2009թ․ «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին Ծովագյուղի համայնքապետարանի կողմից տրվել է N 2 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Դիլիջան-Ծովագյուղ-Սևան-Երևան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում ԱԳԼՃԿ կառուցելու նպատակով։ Ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծվող հողամասի բնութագիրը բաժնում, այդ հողամասը գտնվում է Ծովագյուղ գյուղի բնակավայրի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողատարածքներում, Դիլիջան-Սևան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում և մակերեսը կազմում է 0․5 հա։ 10․12․2009 թ․ Ծովագյուղի համայնքապետի կողմից «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին տրվել է N 2 շինարարության թույլտվությունը ավտոգազալցակայան կառուցելու նպատակով։ 25․06․2010թ․շինարարության ավարտական ընդունման ակտի համաձայն, ավտոգազալցակայանի համալիր շինարարական-մոնտաժային աշխատանքները կատարվել են նախագծին և շինարարական նորմերին համապատասխան։ Հիշյալ փաստաթղթերի համաձայն Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ բնակավայր, Ծովագյուղ-Սևան մայրուղու 4 կմ հատվածում գտնվող ԱԳԼՃԿ-ն իրավունքի պետական գրանցում է ստացել Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ գյուղի Մաշտոցներ տեղամաս 1 հասցեում / վկայական 2846770/։ Սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 08․11․2024թ․ արձանագրության մեջ նշվում է, որ շինարարությունը իրականացվել է ոչ թե հիշյալ, այլ ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան ազգային պարկի» 2007-2011 թվականների կառավարման պլանի հիման վրա, «Սևան ազգային պարկին» անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Սևան համայնք, Ծովագյուղ բնակավայր, Ծովագյուղ-Սևան մայրուղու 4 կմ հատվածում գտնվող հողամասում / վկայական 2626876/ ։ Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության հարցմանն ի պատասխան, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Ծովագյուղ բնակավայր, Ծովագյուղ-Սևան մայրուղու 4 կմ հատվածում տեղակայված հողամասում փաստացի կառուցվել և շահագործվում է գազալցակայան, որը գտնվում է ազգային պարկի տնտեսական գոտում։ Իսկ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից էլ ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնել են, որ «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղեկատվություն առկա չէ։ Սևանի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծանուցում է ուղարկվել «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ի տնօրենին։ Տնօրենը հրավիրվել է Սևանի համայնքապետարան բացատրություններ և պարզաբանումներ տալու նպատակով։ Նա ներկայացրել է «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին սեփականությամբ պատկանող գույքի պետական գրանցման N 2846770 վկայականը, Ծովագյուղի համայնքի ղեկավարի 10․12․2009թ․ N2 ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը, Ծովագյուղ համայնքի ղեկավարի՝ Գեղարքունիքի մարզպետին ուղղված 05․11․2009թ․ գրության պատճենը, Ծովագյուղի համայնքի ղեկավարի՝ 18․12․2009թ․ N 22 որոշումը՝ «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ն պետական հանձնաժողովով շահագործման ընդունելու ակտը։ Միաժամանակ« տնօրենը պարզաբանում է տվել, որ ՍՊԸ-ն ԱԳԼՃԿ-ի կառուցումն իրականացվել է սահմանված տեղում։ Իսկ 31․01․2025թ․ «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ի տնօրեն Ս․ Գուլանյանը գրություն է ուղարկել Սևան համայնքի ղեկավարին այն մասին, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024թ․ օգոստոսի 6-ի թիվ գ/01-96 որոշումը բողոքարկվել է և այն անվավեր ճանաչելու մասին հայցը գտնվում է ՀՀ վարչական դատարանում։ Կապված այդ փաստի հետ տնօրենը խնդրել է օրենքով սահմանված կարգով գործընթացը կասեցնել, մինչև դատական ակտի հրապարակումը։ ՀՀ վարչական դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 9-ին որոշել է հայցադիմումն ընդդեմ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։ Ներկայացվել է դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը։ Համաձայն ՀՀ «Վարչարարության հիմունքները և վարչական վարույթի մասին օրենքի 49-րդ հոդվածի 1-իմ մասի ա) կետի վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարույթը մինչև դատական ակտի կայացումը։ Միաժամանակ, շատ կարևոր հանգամանք է նաև « Դավիթ Առաքելյան Արամի» ԱՁ-ի կողմից 11․01․2025 թվականին տրված եզրակացությունը, ըստ որի «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին պատկանող գ․ Ծովագյուղ, Մաշտոցների փողոց թիվ 1 հասցեում գտնվող ԱԳԼՃԿ-ի, զբաղեցրած հողատարածքի տեղազննման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ն կառուցվել է գյուղ Ծովագյուղ, Մաշտոցների փողոց թիվ 1 հասցեում / շինթույլտվություն թիվ 2 տրված՝ 10․12․2009թ․/։ Այս եզրակացությունը հանդիսանում է վարչական նյութերի անբաժանելի մաս։ Սակայն 31.01.2025 թվականին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը տեղեկացնում է Սևան համայնքի ղեկավարին, որ «Google Earth» հավելվածի տվյալների համաձայն ՝2015-2019 թվականների ընթացքում նշված հողամասի սահմաններում գոյություն ունեցող շինություններին կից կատարվել են նաև ինքնակամ շինություններ։ Որպես առանձին վարչական վարույթ անհրաժեշտություն առաջացավ տեղում ուսումնասիրելու նշված փաստերը։ 05․02․2025 թվականին Վահրամ Հակոբյան ԱՁ-ի կողմից «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին պատկանող / վկայական՝ 2846770/ գազալցակայանի և դրանում առկա շենք-շինությունների չափագրման աշխատանքներ են իրականացվել։ Ըստ այդ չափագրման աշխատանքների, հաշվի առնելով վկայականում եղած սահմանները և փաստացի իրենց տիրապետման տակ գտնվող հատվածը, կատարվել է հողամասի սահմանների ճշգրտում՝ ապահովելով 0․5 հա մակերեսը։ Չափագրման ժամանակ 05-049-0353-0003 կադաստրային ծածկագրով հողամասի քարտեզի որոշ հատվածներում կատարվել են ճշգրտումներ։ Նաև պարզվել է, որ տարածքում առկա են մի շարք ինքնակամ շինություններ առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվության․ Մասնավորապես՝ սպասասրահի տարածքը ավելացվել է 40․89 քմ մակերեսով, որին կից կառուցվել է 56․62քմ մակերեսով սանհանգույց, ավելացվել է կոմպրեսորային կայանի տարածքը 87․99 քմ մակերեսով, լցակետ-ծածկի մակերեսը ավելացվել է 436․81քմ մակերեսով, շենքի պարամետրով տեղադրված է 121․8քմ և 12․05քմ մակերեսներով փոքր ծածկեր, հողամասում առկա է նաև 24․36քմ մակերեսով տաղավար և 12․19քմ մակերեսով պարիսպ։ Անհրաժեշտ է նշել, որ տվյալ կազմակերպության չափագրման վերաբերյալ եզրակացությունը և գծագրերը հանդիսանում են վարչական վարույթի նյութերի անբաժանելի մասը։ Պետք է նշվի նաև, որ Սևանի համայնքապետարանի տեղազննող հանձնախումբը 15․02․2025 թվականին նույնպես ուսումնասիրել է «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ին պատկանող տարածքում ինքնակամ կառուցված շինությունների առկայության փաստը ։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող և վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվությունը սահմանող և ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պասխանատվություն նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում (․․․) սույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-401-ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն, այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված իրավախախտումների համար։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-398-Ն որոշմամբ նույն օրենքի 42-րդ հոդվածը լրացվել է 2-րդ մասի 1-ին կետով, ըստ որի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում, կասեցնում է և ինքնակամ կառույցի քանդման մասին որոշում է ընդունում։ Ինքնակամությունը «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է 2015-2019 թվականներին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի մինչև 2022 թվականի հունվարի 6-ը գործող 154-րդ հոդվածի, պահանջներով, որոշում եմ.

1․ «ՄՄՄ ԸՆԴ Ռ» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Սերյոժայի Գուլանյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 200000 դրամի չափով։
2․Պահանջել Սեյրան Գուլանյանից տարածքի կառուցապատումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին։
3. Պահանջել Սեյրան Գուլանյանից տուգանքի գումարը կամավոր 15 օրվա ժամկետում վճարել Սևան համայնքի բյուջեի 900165101123 հաշվին։
4. Սույն որոշման 1-ին կետի պահանջը չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել 15 օրյա ժամկետում կամ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
6. Սույն որոշումը ուժի մեջ է՝ առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner