Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/10/2019
Սևան-Պրահա-Վինոր համագործակցությունն ամրապնդվեց հուշագրի ստորագրմամբ

Պաշտոնական այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Չեխիայի Հանրապետության Պրահա-Վինոր քաղաքի պատվիրակությունը, որը գլխավորում էր Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Սեւան-Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցությունն արդեն բոլորել է 3 տարին, որի գաղափարի հեղինակը եւ կազմակերպիչը «Ատլանտիս Դեվելոպմենթ» ընկերության նախագահ, սեւանցի Արամ Մարությանն է:
Գնահատելով հայրենի քաղաքի զարգացման եւ համագործակցային հեռանկարները` նա Պրահա-Վինոր շրջանի, որն ունի նաև առանձին համայնքի կարգավիճակ, ղեկավարությանը առաջարկել էր այցելել Սեւան: «Դեռեւս 2016 թվականին Սեւանում ստորագրվեց երկկողմ համագործակցության համաձայնագիրը:
Այն ժամանակ էլ քաղաքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում, որը երկար տարիներ հարակից շենքերի բնակիչների կողմից վերածվել էր մեծ ու փոքր բանջարանոցների եւ «աչքի էր ընկնում» իր անհրապույր տեսքով, հայտնվեց ցուցանակ`«Պրահա-Վինոր այգի» անվանմամբ:
Արամ Մարությանի հովանավորությամբ Պրահա-Վինոր այգում, որը զբաղեցնում է շուրջ 4600 քառակուսի մետր, մեկնարկեցին բարեկարգման աշխատանքները: Երբեմնի անհրապույր տարածքը հետզհետե ստացավ ձեւ եւ բովանդակություն: Հանգստի եւ ժամանցի կազմակերպման այս վայրն ամիսներ անց դարձավ սեւանցիների, քաղաքի հյուրերի, զբոսաշրջիկների համար սիրելի եւ սպասված անկյուն:
Աշնանային այս օրերին Պրահա – Վինոր քաղաքային շրջանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինայի գլխավորությամբ, Հայաստանում էր եւ այսօր պատվիրակությունն այցելել էր Սեւան: Պատվիրակությանը ուղեկցում էր մեր հայրենակից, Սեւանի պատվավոր քաղաքացի Արամ Մարությանը: Քույր քաղաքների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին:
Հյուրերին աղուհացով դիմավորելուց հետո հանդիպումը շարունակվեց համայնքի ղեկավարի աշխատասենյակում, որին մասնակցում էին երկու քաղաքների ներկայացուցիչները: Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան շնորհակալություն հայտնեց հանդիպման համար` կարեւորելով նման համագործակցությունների դերը:
Սեւանի եւ Պրահա-Վինորի հետագա համագործակցությունը վավերացվեց հուշագրով, որը ստորագրեցին Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան, Պրահա-Վինորի քաղաքային խորհրդի անդամ Յան Չերվենկան:
Հայ եւ չեխ գործընկերները փոխանակվեցին հուշանվերներով: Հանդիպման այցի երկրորդ հասցեն Պրահա-Վինոր զբոսայգին էր: Այգու պաշտոնական բացման պատիվը տրվեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին եւ Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինային:
Սեւանի մշակութային կենտրոնի դհոլահարների ուղեկցությամբ չեխ գործընկերները մուտք գործեցին այգու տարածք, որտեղ նրանց սպասում էին սեւանցի մեծ ու փոքր, այս իրադարձության առթիվ քաղաք ժամանած հյուրերը: Ելույթներն ու շնորհավորանքները հաջորդում էին միմյանց, որոնք ընդմիջվում էին մշակութային կենտրոնի պարի խմբերի սաների ազգագրական կատարումներով:
Սեւանի պատվավոր քաղաքացի Արամ Մարությանին օրվա առթիվ սպասվում էր հաճելի անակնկալ. Սեւան համայնքի ղեկավարի կողմից նա պարգևատրվեց շնորհակալագրով` Սևան-Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցության կայացման, Պրահա-Վինոր այգին սեւանցիներին նվիրելու եւ հայ-չեխական բարեկամության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար:
Զբոսայգու պաշտոնական բացման առթիվ տնկվեցին հայ եւ չեխ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող եղեւնիներ: Չեխ գործընկերների համար պատրաստվել էր նաեւ ճանաչողական այց:
Նրանք համայնք ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Արամ Մարությանի ուղեկցությամբ այցելեցին զբոսաշրջային գրավչություն ներկայացնող մի շարք վայրեր, օգտվեցին հայկական հյուրասիրությունից»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/991746.html?fbclid=IwAR0-C5PiJGtTWYA4gBWpTtScbf5dOxewYx8t0rbS1Tl8-YGgQ70-dR4ORV8#.XaYXPBLO_e4.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner