Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
24/07/2019
Հետհաշվարկն սկսված է. ,,Սևան,, միջազգային երաժշտական փառատոնին մնաց 10 օր

Այս օրերին Սևանում ընթանում են «Սևան» միջազգային երաժշտական փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները: Արդեն 5-րդ անգամ Սևանը կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին, ովքեր հնարավորություն կունենան օգոստոսյան երկու օրերը` 3-ը և 4-ը, դարձնել ինքնատիպ, լցված լավ ու բարձրաճաշակ երաժշտությամբ, և այդ ամենը` Սևանա լճի ափին ու Սևան քաղաքում:
«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած փառատոնը տարեցտարի ընդլայնում է և՛ աշխարհագրությունը, և՛ բովանդակությունը, ձեռք է բերում նոր ընկերներ ու համախոհներ:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզը ներկայացնող երաժշտախմբեր և անհատներ: Առաջին փորձը խոստումնալից էր, և 2016թ-ին փառատոնը միավորեց հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի կայացած և սկսնակ համույթներին, անհատ կատարողներին: Փառատոնից փառատոն նպատակն առավել հստակեցվեց` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր մարզերում և արտերկրում ապրող երիտասարդներին, նրանց տրամադրել բեմ, հնարավորություն տալ ելույթներ ունենալ արդեն կայացած երգիչների կողքին, միաժամանակ աշխուժացնել տեղացիների ու զբոսաշրջիկների ամառային առօրյան` մշակութային ալիքը տարածելով ողջ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Նախորդ երկու տարիներին փառատոնի շրջանակներն ընդլայնվեցին. փառատոնը լճից եկավ քաղաք, իսկ այս տարի, ինչպես նշում են կազմակերպիչները, երաժշտական ինքնատիպ այս հարթակը կհամախմբի Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանիսայի ռոք և ֆոլկ երաժշտախմբերին:
«Գաղափարին միացել են այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր փառատոնի անցկացումը համարում են անհրաժեշտություն: Հովանավորների և գործընկերների շրջանակն էլ տարեցտարի ընդլայնվում է. արդեն վստահելի գործընկերներին միանում են նորերը:
ՀՀ վարչապետը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը, Սևանի համայնքապետարանը, Գեղարքունիքի մարզպետարանը, Իջևանի գինու գործարանը, «Ծովագյուղ» սուպերմարկետը, «Լոշիկ» ռեստորանը, Վորդ Վիժն կազմակերպությունը, «Դարգետ» գարեջրային բրենդը, Ֆեստիվար My Armenia ծրագիրը, «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը և մյուսները փորձելու են երաժշտական այս միջոցառումը դարձնել առավել հետաքրքիր և նպատակային»,- ասում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը:
Օգոստոսի 3-ին Սևանա լճի ափին` հանրային թիվ 1 լողափում, կհյուրընկալվեն ռոք խմբերը, իսկ օգոստոսի 4-ին քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում` «Փյունիկ» խաչքարի հարևանությամբ` ֆոլկլյոր խմբերը:
Կազմակերպիչները նկատում են, որ փառատոնը համատեղում է մշակութային, տնտեսական և բնապահպանական բաղադրիչները, իսկ գաղափարախոսական հենքն էլ Սևանին շնորհակալություն ասելն է:
Փառատոնի անցկացման երկու օրերը, դրանց հաջորդող և նախորդող ողջ շրջանը ուղեկցվել և ուղեկցվելու է ակտիվ քարոզարշավով, որի առանցքում լճի արժևորումն է, բնապահպանական խնդիրների վրա ուշադրություն դարձնելը, Սևանի նկատմամբ նորովի վերաբերմունքի մշակումը: Նախապես բոլոր խմբերին կոչ է արվել պատրաստել փոքրիկ տեսաֆիլմ-պրեզենտացիա` «Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից դառնալու է այս գաղափարի կրողն ու քարոզողը: Փառատոնի շուրջ համախմբված գործընկերները ևս միացել են այս քարոզարշավին:
Փառատոնին մասնակցելու է 16 խումբ, որոնք համապատասխանում են փառատոնի այս տարվա ձևաչափին: Փառատոնի ընթացքում համերգային ծրագիրն ուղեկցվելու է մի շարք նախաձեռնություններով և ամառային ժամանցն ապահովող միջոցառումներով, մասնավորապես` վարպետաց դասեր, տոնավաճառ, նկարչական աշխատանքների ցուցահանդես սևանյան թեմաներով, զբոսանք լճի վրա, գիշերակաց վրաններում լճի ափին:
Հետհաշվարկն սկսված է. ևս 10 օր, և Սևանը կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին, զբոսաշրջիկներին և այս իրադարձությանը յուրաքանչյուր տարի սպասող մարդկանց, ովքեր Սևանին ևս մեկ անգամ շնորհակալություն ասելու հնարավորություն կունենան: Մշակութային երկխոսությունն ու միջմշակութային հաղորդակցությունը կրկին կդառնան օգոստոսյան օրերի ուղեկիցները` հաղորդելով նոր լիցքեր, բարձր տրամադրություն պարգևելով անմոռանալի պահեր:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/07/24/1057506/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner