Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/07/2020
Սեւան համայնքում իրականացվում են կրթական առցանց ծրագրեր

Սեւան քաղաքում արդեն մի քանի շաբաթ է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի, ինչպես նաեւ Սեւան-Գրենոբլ քաղաքների միջեւ կնքված համագործակցության պայմանագրերի շրջանակներում առցանց ընթանում է ֆրանսերենի ուսուցման դասընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, առջիկայում կտրվի նաեւ կրթական հերթական ծրագրերի մեկնարկը, որոնք եւս կանցկացվեն առցանց: «Նոր տեսակի կորոնավիրուսային համավարակը եւ արտակարգ դրությունը դարձել են մի շարք սահմանափակումների պատճառ, հետաձգվել են միջոցառումներ ու ծրագրեր, սակայն արտակարգ ամառը նաեւ արդեն ավանդույթ դարձած ու նոր ծրագրերի ժամանակն է, որոնք հարմարեցվում են այս իրավիճակին` նոր լուծումներով ու ձեւաչափերով: Սեւան եւ Գրենոբլ քաղաքների միջեւ ապակենտրոնացված համագործակցությունն այս տարի կբոլորի 16-ամյակը, եւ այդ շրջանակներում արդեն 8-րդ տարին է` Սեւանում կազմակերպվում են ֆրանսերեն լեզվի ուսուցման երկամսյա ինտենսիվ դասընթացներ դպրոցահասակների եւ չափահասների համար: Դասընթացներն անցկացնում են «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության դասընթացավարները: Հունիսի 22-ից Սեւանում անցկացվում են ֆրանսերեն լեզվի ուսուցման այս տարվա երկամսյա դասընթացները, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի դասերն անցկացվում են առցանց` Zoom հարթակում: Դասընթացներին մասնակցում է ավելի քան 90 ուսանող: Ինչպես նկատում են կազմակերպիչները, արդյունքը սպասվածից շատ ավելին է. բացականեր համարյա չեն լինում: Այս տարի` օգոստոսի 1-ին եւ 2-ին, «Սեւան» միջազգային երաժշտական փառատոնը կրկին պետք է հյուրընկալեր խոստումնալից երաժիշտներին եւ երաժշտասերներին Սեւանա լճի ափին եւ Սեւան քաղաքում: Սակայն, ինչպես ասում է «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը, իրենք փորձում են օգտվել առիթից ու ստեղծել մի քանի զարգացման, կրթական հարթակներ: Լավ օրերի սպասումով նախատեսվում են «Սեւան» միջազգային երաժշտական փառատոնի կամավորների վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրը մեկնարկելու է օգոստոսի 2-րդ կեսին, ընդունվելու են 15-30 տարեկան 20 երիտասարդներ, ովքեր կիսում են փառատոնի գաղափարը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական դրամաշնորհի շրջանակում: Հաջորդ հարթակը «The power of music»-ն է, որը կրթական է եւ իր ձեւաչափի մեջ եզակի: Այն միտված է ստեղծելու կրթական հարթակ տաղանդաշատ, մոտիվացված, էներգիայով լեցուն մեծահասակների՝ 15-ից բարձր անձանց համար՝ հնարավորություն ընձեռելով ընդգրկվելու դաշնամուրի, կիթառի, հարվածային գործիքների եւ վոկալի լաբերում: Ծրագրի 3 ամիսների ընթացքում մասնակիցներն ինտենսիվ կերպով ձեռք են բերելու երաժշտական հմտություններ: Ընտրությունը կատարվելու է լրացված հայտերի եւ լսումների հիման վրա: Յուրաքանչյուր լաբում ընտրվելու է 5-ական մասնակից: Ծրագրի ավարտին նախատեսվում է մեկական երգի կատարյալ յուրացում` համերգային մասի համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Դի ՎԻ ՎԻ ինթերնեյշնըլ կազմակերպության կողմից եւ մեկնարկելու է հուլիս ամսվա երկրորդ կեսին: Ուսուցումն իրականացվելու է անվճար հիմունքներով: Բոհեմ արվեստանոց-թեյարանն էլ այս օրերին նախաձեռնում է մշակութային, կրթական ծրագրերի շարք երեխաների ու պատանիների համար: Եւս մեկ հետաքրքիր նախաձեռնություն է սպասվում օգոստոսին. կհավաքագրվեն արշավական ակումբի նախաձեռնող խմբի անդամներ, ովքեր կզբաղվեն արշավային երթուղիների ստեղծմամբ, փորձարկմամբ ու փաթեթի ձեւավորման աշխատանքներով, արշավային մշակույթի տարածմամբ։ Հետագայում արշավային ակումբն իր շուրջը կհամախմբի արշավ սիրող պատանիներին ու երիտասարդներին»,- ասաց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1021667.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner