Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
19/01/2018
Արևը «հանգրվանեց» մանկան տանիքին

Սևանյան արևի ջերմությունն արդեն հասցրել են վայելել Սևան համայնքի 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունները` թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզները, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը: 2016թ-ի վերջին և 2017թ-ի ընթացքում այս կազմակերպությունների շենքերի տանիքների տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ:
Այդ նախաձեռնությունն իրականացվել է Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում` Գրենոբլի քաղաքապետարանի և Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախմբի հովանավորությամբ, որի մասնակիցները 2016թ-ի օգոստոսին հյուրընկալվել էին Սևանում:
Անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունելության էր հրավիրել Գրենոբլի հայ մշակույթի տան նախագահ Սիրանուշ Խաչատրյանին:
Ընդունելության ընթացքում տիկին Սիրանուշը նշեց, որ Գրենոբլի հայ համայնքը պատրաստակամ է աջակցելու սևանցի բարեկամներին:
Ամիսներ անց` արդեն այս տարվա հունվարին, Սևան համայնքի Գագարին գյուղի մանկապարտեզի շենքի տանիքին էլ տեղադրվեց արևային ջրատաքացուցիչ:
Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանի փոխանցմամբ` հերթական ձեռնարկն իրականացվել է Գրենոբլի հայ մշակույթի տան կողմից կատարված հանգանակությամբ, որին հավելվել է նաև այն գումարը, որը որպես պարգևատրում ՀՀ սփյուռքի նախարարությունը նվիրաբերել է Գրենոբլի հայ համայնքին, որը Ֆրանսիայում ճանաչվել է լավագույն համայնք:
Արևային ջրատաքացուցիչի տեղադրումը կատարել են Սևանի արհեստագործական ուսումնարանի սաները, որտեղ 2011թ-ից ներդրվել է այլընտրանքային էներգիայի ծրագիրը:
Վերապատրաստման տեսական մոդուլից հետո տղաներն անցել են պրակտիկ վերապատրաստում` ստանալով ոլորտային անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում` որպես արևային էներգետիկներ: Այժմ ուսումնարանում գործում է աշխատանքային 2 բրիգադ:
Ի դեպ, բրիգադի ղեկավարի, վարպետի, արդեն իսկ վերապատրաստված արևային էներգետիկների կողքին աշխատանքներին մասնակցում են նաև սկսնակները, որոնք հենց տեղում ստանում են պրակտիկ ուսուցում:
Գագարինի մանկապարտեզի շենքի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչի միջոցով ստացված ջուրը պահեստավորվում է 300լ տարողությամբ կուտակիչ բաքում:
Համակարգը հնարավորություն է տալիս ստանալու անհրաժեշտ ծավալով տաք ջուր, որը ջրատաքացման ամենաարդյունավետ և շահավետ միջոցն է:
Էներգախնայողության, բնապահպանական այս ձեռնարկն ամանորյա լավագույն նվեր է մանկապարտեզ հաճախող փոքրիկների, մանկապարտեզի աշխատակիցների համար, որի կարիքը մանկապարտեզում միշտ էլ զգացվել է:
Գագարինի մանկապարտեզում շուտով կզգան այս համակարգի առավելությունները, իսկ համայնքի 3 մանկապարտեզներում և մարզադպրոցում արդեն հասցրել են վայելել արևային ջրատաքացուցիչների շնորհիվ ստացվող տաք ջրի առկայությունը:
Այլընտրանքային էներգիայի ծրագրի հաջորդ ձեռնարկը, Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանի տեղեկացմամբ, նախատեսված է իրականացնել Սևանի մարզադպրոցում, որտեղ արդյունավետ լուսավորության ապահովման համար կներդրվի ֆոտովոլտային համակարգ:
Այս համակարգի տեղադրման աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են Սևան համայնքի 4 տարածքներում:
Հավելենք, որ 2011թ-ից Սևանն ընդգրկվել է վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող ծրագրում:
Ծրագիրն իրականացվում է Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի ֆինանսավորմամբ:
2015թ-ից ծրագրի շարունակականությունն ապահովում է Ռոման քաղաքի Հայկական բարեկամական միության շնորհիվ: Ծրագիրը իրականացվում է այդ նպատակով ստեղծված «Արեգ» հիմնադրամի միջոցով:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/01/19/932083/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner