Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/05/2018
Ծառատունկ` ի հիշատակ կամավորական Հաննայի

Նախօրեին Սևանի Սայաթ-Նովա փողոցի բաժանարարի մասում՝ Բոհեմ արվեստանոց-թեյարանի հարակից տարածքում, կազմակերպվել էր ծառատունկ: Գարնանային հերթական ծառատունկը տարբերվում էր նախորդներից. այն նվիրված էր Սևանում 5 ամիս կամավորական գործունեությամբ զբաղված, անցած տարվա հոկտեմբեր ամսին դժբախտ պատահարի զոհ դարձած լուսավոր ու պայծառ, սիրով ու կյանքով լեցուն 23-ամյա Հաննայի հիշատակին, ով հեռավոր Ամերիկայից եկել էր Հայաստան` Սևան քաղաք, կյանքի կոչելու իր լավագույն ծրագրերն ու գաղափարները, իր ներկայությամբ և աշխատանքով մի լավ բան անելու սևանցիների համար: Հաննա Հանթլիին «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի` Խաղաղության կորպուսի կամավորն էր: «Շատ կյանք կար Հաննայի մեջ: Ու դա էր պատճառը նաև, որ իր ընկերների ու ծանոթների կողմից շատ ինքնաբուխ միտք ծնվեց փոքրիկ վայր ստեղծել Հաննային հիշեցնող ու դա պիտի լիներ Սևանում, որովհետև չնայած ընդամենը 5 ամիս էր այստեղ ապրել, բայց 10 տարվա պլաններ էր գծում և սիրում էր Սևանն ու սևանցիներիս: Այդ անկյունը պետք է լիներ «Բոհեմին» հարակից տարածքում, որովհետև այնքան սեր ու նվիրվածություն էր դրել «Բոհեմի» կայացման գործում ու այնքան «հաննա» կա Բոհեմի ամեն անկյունում: Ունեինք համատեղ երազանքներ ու գաղափարներ, որոնք պատրաստվում էինք միասին կյանքի կոչել օրերը բացվելուն պես։ Օրերը բացվեցին, ցավոք, առանց Հաննայի ֆիզիկական ներկայության»,- ասում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը: Ծառատունկը միայն սկիզբն է հիշատակի պուրակի ստեղծման: Նախաձեռնության կողքին կանգնած է նաև Սևանի համայնքապետարանը` ի դեմս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի: Չնայած մայիսյան օրը թխպամած էր ու անձրևոտ, սակայն դա բնավ էլ չէր խանգարել, որպեսզի ծառատունկին մասնակցելու համար Սևան ժամանեին Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրենն ու փոխտնօրենը, ինչպես նաև կորպուսի կամավորներ, ովքեր Երիտասարդական ակումբի անդամների ու պարզապես սևանցիների հետ մասնակցեցին ինքնատիպ այդ ակցիային: Խորհրդանշական 23 տնկիների տնկումով /Հաննայի տարիքին համարժեք / ազդարարվեց փոքրիկ պուրակի սկիզբը։ «Ծառատունկով մեկնարկեցին պուրակի ստեղծման աշխատանքները: Հուսանք` ոչ շատ հեռու ապագայում թե մեր ուժերով, թե համայնքապետարանի, թե Խաղաղության կորպուսի կամավորների ու պարզապես քաղաքի բնակիչների ջանքերով կունենանք այնպիսի պուրակ, ինչպիսին Հաննան կջանար նվիրել քաղաքին»,- ներկայացնում է Գոհարը: Տնկիները տրամադրել էր «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը /Հայաստանի ծառատունկ ծրագիր/, որը զբաղվում է կենսական նշանակության բնապահպանական ծրագրերի իրականացմամբ, հանրային օգտագործման կանաչ տարածքների բարելավմամբ: Ծառատունկի աշխատանքների ավարտից հետո ծառերի վրա փակցվեցին ժապավեններ, որոնց վրա Հաննայի ընկերները գրել էին իրենց սիրելի ընկերոջը հիշեցնող արտահայտություններ։

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/05/07/955436/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner