Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/04/2018
Հայկական երգն ու երաժշտությունը բազմազգ լսարանին ներկայացնելու համար պատրաստվում են մեծ բծախնդրությամբ

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում անցկացվող մեկ տասնյակից ավելի երկրների մշակույթների երկխոսության խաչմերուկում` DIVERCITES միջազգային փառատոնին, այս տարի` արդեն 4-րդ անգամ մասնակցելու է նաև Սևանը` ներկայանալով 5 երիտասարդ կատարողներով:
Սևանցի երիտասարդներն իրենց ելույթներն ունենալու են Հայաստանի դրոշի ներքո: Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքը, քույր քաղաքներ կարգավիճակով, համագործակցում է աշխարհի 20 քաղաքների հետ:
Ապակենտրոնացված ցանցի գործարկման լավագույն և արդյունավետ միջոցներից է նաև երաժշտական փառատոնի անցկացումը, որն ունի 13-ամյա կենսագրություն, անցկացվում է 2 տարին մեկ անգամ և կրում է DIVERCITES / բառացիորեն` բազմազանություն / անվանումը:
Տարեցտարի փառատոնը դառնում է ավելի ընդգրկուն և գրավիչ: Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի ներկայացմամբ` սա մի գեղեցիկ օրինակ է, որի միջոցով Գրենոբլը համերաշխությանն ուղղված միջազգային քայլեր է կատարում: «Խառնելով տարբեր երկրների մշակույթները` ստացվում է հիանալի արդյունք` երաժշտական մի նոր սինթեզ` համեմված տարբեր մշակույթների տարրերով»,- նկատել է պարոն Պիոլը:
Փառատոնն իր տեսակի մեջ լինելով եզակի և ինքնատիպ` նաև հավակնոտ է, որը փորձում է համադրումների միջոցով ստանալ մի նոր որակ:
Փառատոնի մասնակիցներից Գուրգեն Մկրտումյանը 2014թ. արդեն անցել է փառատոնային բազմազանության միջոցով և ներկայացնում է իր տպավորությունները. «Մինչ ժամանելը Գրենոբլ որոշակի պատկերացում ունեինք նախագծի վերաբերյալ: Սակայն երբ մեր աչքերով տեսանք և նախնական տեղեկություններ ստացանք տեղում, հասկացանք, որ գործ ունենք լուրջ փառատոնի և կայացած երաժիշտների հետ:
Նախապատրաստական աշխատանքները կազմակերպված էին բարձր մակարդակով, փորձերն ամենօրյա էին, հատկացված էին ձայնագրման տաղավարներ: Մեր աշխատանքը տվեց իր արդյունքը. մշակութային երկխոսությունը կայացավ, և մեր թիմը այդ երկխոսության մեջ բավականին լավ ներկայացավ»:
Գրենոբլյան փառատոնը հետաքրքիր ձևաչափ ունի. նախօրոք` ոչ մի պատրաստված համար, ամեն ինչ համադրվում է տեղում և ստեղծվում օրերի ընթացքում:
Սևանը ներկայացնող մյուս 4 մասնակիցները` Մանե Սերգոյանը, Գուրգեն Բաբայանը, Հրաչյա Բաղդասարյանը, Արտյոմ Հարությունյանը, տիրապետում են կամ որևէ երաժշտական գործիքի, կամ ունեն վոկալային տվյալներ: Սևանը ներկայացնող երիտասարդների ընտրությունը կատարվել է Սևանի համայնքապետարանի կողմից:
Սևանը` որպես գործընկեր համայնք, պատասխանատվությամբ է մոտենում այս փառատոնին, և ընտրությունն էլ կատարվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա Հայաստանը մշակութային այս ինքնատիպ հարթակում ներկայացնելու լավագույն հնարավորություն է:
Նախորդ տարիների փորձն էլ հուշում է, որ հերթական փառատոնին պետք է պատրաստվել հավուր պատշաճի, կարողանալ մյուս ժողովուրդների մշակույթին համադրել հայկականը, տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդների հետ ստեղծել բարեկամական հարաբերություններ: Գրենոբլը մի քանի օր շարունակ դառնալու է երաժշտական խառնարան` համախմբելով տարբեր երկրների, մշակույթների, նախասիրությունների տեր երիտասարդներին:
Փորձերին, ելույթներին հաջորդելու է գալա-համերգը, որը կայանալու է հուլիսի 15-ին Գրենոբլի Jardin de Ville-ում:
Այս փառատոնը ևս մեկ պատեհ առիթ է` ներկայացնելու մեր արժեքները, խոսելու հայի և Հայաստանի մասին, միաժամանակ աշխարհին ներկայացնելու Սևանը:
Սևանն այլևս դուրս է եկել իր փոքրիկ տնից, և յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ ազդակ է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, մշակութային առավել մեծ սահմաններ գծելու համար: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարևորում է մշակութային նման ձեռնարկների իրականցումը, միաժամանակ ողջունում է սևանցի երիտասարդների մասնակցությունը: «Սեփական մշակույթդ կդառնա բոլորինը, եթե այն ներկայացնես աշխարհին, այսինքն` այսօր մենք ունենք միջազգայնացման խնդիր, որը լուծվում է նաև այսպիսի ծրագրերի շնորհիվ:
Սա ճանաչելիության չափանիշներից մեկն է, որը պետք է օգտագործել նպատակային: Երիտասարդների հիմնական խնդիրն էլ պետք է լինի մեկը` առաջ շարժվել: Շարժման խթանիչ ուժն էլ նոր մոտեցումներն ու գաղափարներն են:
Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան մեծ գումարներ է ծախսում ֆրանսիական լեզուն, պատմությունն ու մշակույթը տարածելու համար, ընդլայնում է ֆրանկոֆոն ընտանիքի աշխարհագրությունը: Մենք էլ հնարավորության սահմաններում պետք է կարողանանաք տարածել հայկական մշակույթն ու արժեքները:
Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է պետք, ինչպես նաև լայն ճանաչում, որը պետք է կատարվի նաև մեր երիտասարդների միջոցով և նրանց շնորհիվ»,- ասում է Սևան համայնքի ղեկավարը: Սևանցի երիտասարդներն այս օրերին սկսել են իրենց փորձերը:
Հայկական երգն ու երաժշտությունը բազմազգ լսարանին ներկայացնելու համար պատրաստվում են մեծ բծախնդրությամբ, արդեն ունեն նախնական ծրագիր:
Հավելենք, որ Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցությունը 14-ամյա կենսագրություն ունի, և ի թիվս մի շարք ծրագրերի ու նախաձեռնությունների, որոնք իրականացվել են զբոսաշրջության, առողջապահության, ֆրանսախոսության և այլընտրանքային էներգիայի համակարգի ներդրման ուղղություններով, DIVERCITES-ն էլ հայ- ֆրանսիական, ինչպես նաև այլ ժողովուրդների հետ երկխոսության լավագույն դրսևորումներից է, մշակութային սպասված տոն:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/04/18/950290/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner