Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/08/2017
Սոցիալական ձեռնարկատիրության այս լավագույն օրինակը հավակնում է դառնալ քաղաքի այցեքարտերից

Այն, ինչ ամիսներ առաջ թվում էր ընդամենը լավ գաղափար, երիտասարդների ստեղծագործական մտքի փայլատակում, այսօր այլևս իրողություն է: Սևան քաղաքի Սայաթ- Նովա 16-13 հասցեում գտնվող «Բոհեմ» արվեստանոց- թեյարանն օրերս բացեց իր դռները սևանցիների, հյուրերի, քաղաքի այցելուների առաջ: Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես… Տարիների ընթացքում իրականացնելով կամավորական և դրամաշնորհային մի շարք ծրագրեր 9-ամյա կենսագրություն ունեցող «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն իր գործունեության համար հստակեցրել էր մի քանի ուղղություն, որոնց մեջ առանձնանում էին մշակույթն ու տուրիզմը: Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները թեև քիչ չէին, սակայն ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանի փոխանցմամբ` լիովին չէին բավարարում այն պահանջները, որոնք ակնկալում էին իրենք: Երիտասարդական ակումբի կյանքում շրջադարձային էր 2015-ը, երբ կազմակերպությունը դարձավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անդամ: Այս իրողությունն էլ թույլ տվեց վաղուց փայփայած գաղափարին տալ միս ու արյուն: «Քանի որ այդ կաթսայում էինք, մասնակցեցինք «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին: Մեծ թիմ էր` շուրջ վեցտասնյակ, որից 10-ը հաղթահարեց շեմը: Մեր ներկայացրած գաղափարը տարբերվում էր, քանի որ թիրախային խումբ էր ընտրվել այն երիտասարդները, որոնք մշակութային ոլորտում չեն կարողանում ռեալիզացվել: Մայրաքաղաքում ստանալով կրթություն` քաղաք վերադառնալու մոտիվացիա չունեն, այնինչ նրանք ունեն ստեղծագործելու և ներկայացնելու տաղանդ և ձիրք»,- ասում է Գոհարը: Երիտասարդների համար հետաքրքրությունների դաշտ ստեղծելու, ստեղծագործելու հնարավորություն տալու, ներկայանալու և ներկայացնելու նպատակով առավել ընդգրկուն ծրագիր ներկայացվեց: Ծրագիրը հաղթահարեց մրցութային փուլը: Օրեր շարունակ, իրենց իսկ բնորոշմամբ, «քաղաքի լուսավոր դեմքերը»` գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները, քայլ առ քայլ մոտեցան իրենց երազանքների բոհեմին` դառնալով ծեփագործ ու ներկարար, վարպետ ու դիզայներ: Այդ ամենի մեջ դրեցին սեր ու նվիրում` այն դարձնելով հաճելի մի անկյուն, որտեղ մի բաժակ թեյի կամ սուրճի, ֆիրմային թխվածքի ընկերակցությամբ ընկերներն ու ընտանիքի անդամները, հոգնած զբոսաշրջիկն ու անցորդը կվայելեն իրենց հանգիստը, կկազմակերպեն իրենց ազատ ժամանցը: Այս միջավայրում կզուգակցվեն հաճելին և օգտակարը. պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ սևանցի և դրսի արվեստագետների կողմից, միաժամանակ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան իրենց մշակութային հանգիստը առավել լավ պայմաններում կազմակերպել: Ստեղծված միջավայրը թույլ է տալիս, որպեսզի տարբեր տարիքային խմբի մարդիկ գտնեն իրենց համար հետաքրքրություն և ունենան միմյանց և արվեստի հետ հաղորդակցվելու հնարավորություն: «Բոհեմ» ոտք դնողին սպասվում է ևս մեկ հաճելի անակնկալ` իր տեսակի մեջ եզակի հուշանվերների թանգարան, որտեղ ամիսներ շարունակ հավաքվել ու այժմ կողք կողքի շարված են տասնամյակների վաղեմություն ունեցող իրեր, ժամանակին սիրելի ու սպասված նվերներ: Սոցիալական ձեռնարկատիրության այս լավագույն օրինակը հավակնում է դառնալ քաղաքի այցեքարտերից: Դրան հավատում են երիտասարդները, որոնք բոհեմական տրամադրությամբ մեկնարկել են իրենց գործունեությունը: Արվեստանոց-թեյարանից ստացված շահույթի 50 տոկոսից ավելին ուղղորդվելու է համայնքի մշակութային կյանքի կազմակերպմանը: Այս տարի այդ գումարը տրամադրվելու է «Սևան» երաժշտական փառատոնի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին, որը հեղինակել է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն և անցկացվում է 3-րդ տարին: Այս տարի փառատոնն անցկացվելու է օգոստոսի 12-ին Սևան քաղաքի հանրային լողափում:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/08/01/900369/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner