Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/05/2017
«Ընտրություն» ֆիլմից մինչև ընտանեկան ֆոտոստուդիա

Մանե Սերգոյանը սևանցի է, օրերս է ավարտել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինո-հեռուստառեժիսուրա» բաժինը, ունի բակալավրի աստիճան: Մանեի ստեղծած «Ընտրություն» սոցիալական ֆիլմը շուրջ երեք ամսվա կենսագրություն ունի ու արդեն հայտավորվել է տարբեր փառատոներին մասնակցելու համար: Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես… «Դիպլոմային աշխատանքիս փնտրտուքը երկար տևեց. սկզբում չէի կողմնորոշվում` ինչ թեմա ընտրել: Քիչ ժամանակ էր մնացել: Քայլում էի փողոցով, ու հանկարծ միտքս փայլատակեց. պետք է ֆիլմ նկարել մարդկանց մասին, մարդկային արժանիքների մասին,- իր ֆիլմի ստեղծման նախապատմությունն է ներկայացնում Մանեն, ապա շարունակում:- Տարբեր են արժեհամակարգերը, որոնց կենտրոնում, ըստ իս, ներել, օգնել և սիրել գաղափարներն են: Սիրելն ամեն ինչի հիմքն է, առաջին հերթին սերը դեպի մարդը: Իսկ ընտրությունն էլ այդպիսին լինելու և չլինելու մեջ է»: Իր իսկ բացահայտումով թևավորված` Մանեն «ինչ»-ի կողքին դնում է «ինչպես»-ը: Ու սկսվում է հերոսների որոնումը: Երիտասարդ ռեժիսորը խոստովանում է. «Ես նրանց կերպարները վաղուց ունեի, դիպլոմայինս մեկտեղեց»: Հետո սկսվել են սցենարի, տեսարանների, տեքստի համադրումը, դերասանների ընտրությունը ու նկարահանումը, որը կատարվել է Երևանում: Ամիսներ անց Մանեն հաճույքով է հիշում իր ֆիլմի ստեղծման պատմությունը: «Հետաքրքիր գործընկերներ, պրոֆեսիոնալ թիմ, որն ինձ համար ամենամեծ ձեռքբերումն էր և լավագույն պրակտիկան»,- ասում է իր «Ընտրություն»-ից դասեր քաղած երիտասարդ ռեժիսորը: Վեցրոպեանոց խաղարկային ֆիլմն ունի սոցիալական ուղղվածություն և կոնկրետ հաղորդագրություն: Հերոսներն էլ սիմվոլիկ են, ոչ մեկը նախապատմություն չունի: Սցենարի հիմքում մի աղջկա պատմությունն է, որը երիտասարդ գրողի առաջին գրքի շնորհանդեսին է մասնակցում: Գրքի հեղինակը աստվածային կերպար է, նա անընդհատ ուղղորդում է: Հերոսուհին մտովի վերապրում է իր օրը, իսկ երբ խոսք է գնում երեք արժեքների մասին, նա փորձում է ընտրություն կատարել: Ֆիլմի գաղափարը հստակ է` յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ով է ինքը և ինչ ուղիով գնա, այսինքն` միշտ կա հնարավորություն կյանքը փոխելու, և Աստված մեզ տալիս է այն: «Ֆիլմիս հերոսուհին մեզանից մեկն է, որին հաճախ հաղթում է անտարբերությունը, այնինչ, միշտ կա հնարավորություն լավ բան անելու,- նկատում է Մանեն և շարունակում:- Սերն է աշխարհում ամեն բանի պատասխանը: Յուրաքանչյուր մարդու կյանքում կա «եթե» և այդ «եթե»-ն է, որ կարող է կյանքում շատ բան փոխել»: Մանե Սերգոյանն արդեն պաշտպանել է իր դիպլոմային աշխատանքը, սակայն «ներել, սիրել, օգնել» գաղափարախոսությունը «Ընտրությամբ» չի ավարտվում. այն ունենալու է շարունակություն, որովհետև մարդակենտրոն թեման երբեք չի սպառվում, ասելիք միշտ էլ կա: Մանեն նկատում է. «Եթե նկարեմ նոր աշխատանք, կլինի մոտ ապագայում, կրկին սոցիալական ուղղվածության է լինելու, այս անգամ` մարդու երազանքների մասին և մեկ հերոսով: Ունեմ ևս մեկ գաղափար. իմ նախընտրած թեման կդարձնեմ ընդգրկուն և’ տևողության, և’ ասելիքի առումով»: Այս մտահղացումները կյանքի կկոչվեն ամիսներ անց, իսկ մինչ այդ Մանեն հասցրել է իր «Ընտրություն» ֆիլմով ներկայանալ «Ավրորա», «WEB Ծիրան», «Արտ ֆեստ», Մեկ կադր ֆիլմերի փառատոներին: Մանեն դեռևս որոնումների մեջ է, ինքն էլ դեռ ընտրություն պետք է կատարի ծրագրերի առումով: «Երբ ընդունվում էի թատերական, անընդհատ մտածում էի` ինչ պետք է անեմ, որ կարողանամ պիտանի լինել իմ քաղաքին: Այժմ ուրվագծվում է այն` բացելու եմ մանկական և ընտանեկան ֆոտոստուդիա, վերականգնելու եմ երբեմնի լավագույն ավանդույթները, որի միջոցով Սևանում ձևավորվելու է նոր մշակույթ»,- հավելում է Մանեն: Իր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար առաջին քայլերն է անում: Նա բացում է նաև այլ փակագծեր. շուտով մեկնելու է Մոսկվա, անցնելու է վերապատրաստման դասընթացներ, այնտեղ է շարունակելու նաև մագիստրոսական ուսումը: Մեկնելու է, սակայն վստահեցնում է և ինքն էլ վստահ է` վերադառնալու է հայրենի քաղաք, որովհետև այստեղ շատ բան ունի անելու, իր «Ընտրությամբ» արդեն իսկ իրեն տվել է ընտրություն կատարելու հնարավորություն:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/05/31/889141/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner