Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
06/12/2017
Սևանցի թաեքվոնդոյիստները «Թբիլիսի օփեն»-ից վերադարձել են մրցանակներով

Սևանցի մարզասերները կրկին վայելեցին հաղթանակի բերկրանքը. այս անգամ էլ հպարտության պահեր ապրեցին թաեքվոնդո մարզաձևի միջազգային մրցաշարից վերադարձած Դավիթ Թորոսյանի և Էդվարդ Միրզոյանի հաղթանակի շնորհիվ:
Դեկտեմբերի 1-3-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Թբիլիսի օփեն» թաեքվոնդոյի միջազգային մրցաշարին մասնակցող ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված սևանցի երկու մարզիկները ցուցադրեցին գրագետ և աչքի ընկնող մարտեր:
ՀՀ հավաքականը Թբիլիսի էր մեկնել թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի գլխավորությամբ:
15-ամյա թաեքվոնդոյիստ Դավիթ Թորոսյանը ներկայացել է 55կգ քաշային կարգում:
Երիտասարդ մարզիկը 1-ին մենամարտն անցկացրել է վրացի մարզիկի հետ, 2-րդը եղել է ադրբեջանցի, 3-րդը` կրկին վրացի, իսկ եզրափակչում մենամարտել է իր հավաքականի անդամ, Գյումրու ներկայացուցչի հետ:
«Այն, որ պետք է մրցեի ադրբեջանցու հետ, էլ ավելի էր ոգեշնչում ինձ:
Ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտից առաջ, երբ զանգահարել էի տուն, հայրս, ով նաև իմ մարզիչն է, մեկ պայման դրեց` վերադառնալու ես չեմպիոն դարձած,- պատմում է Դավիթը և շարունակում:- Արդյունքում` մեկը մյուսին հաջորդող հաղթանակներ: Ինչ առաջադրանք մարզիչս դրել էր իմ առջև, կատարեցի. դարձա 1-ին մրցանակակիր»:
Ի դեպ, Դավիթ Թորոսյանը երիտասարդների տարիքային խմբում Հայաստանից միակն էր, որ դարձել է ոսկե մեդալակիր:
Նրա հետ պատվոհարթակին կանգնել է նաև գյումրեցի մարզիկը` զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը:
Սևանցի մյուս թաեքվոնդոյիստը` 15-ամյա Էդվարդ Միրզոյանը, ներկայացել է 51կգ քաշային կարգում:

Այս մարզիկի 1-ին մենամարտը եղել է ադրբեջանցու հետ: Իր քաշային կարգում էդվարդը գրավել է 3-րդ մրցանակային տեղը:
Մարզիչ Խաչիկ Թորոսյանի փոխանցմամբ` աա Էդվարդի համար 1-ին արտագնա առաջնությունն էր, և արդյունքն էլ գոհացնող է: Պատասխանատու մրցաշարից վերադարձած մարզիկները և նրանց մարզիչը պատրաստվում են նոր առաջնությունների:
2018թ-ի գարնանը Հայաստանի առաջնությունն է, որին հաջորդելու է Եվրոպայի առաջնությունը: Այս կարևոր և պատասխանատու մրցաշարերին պատրաստվում են այսօրվանից:
Խաչիկ Թորոսյանը նշում է, որ թաեքվոնդո մարզաձևն ընտրած շուրջ 60 մարզիկների թվում 10-12-ը և փոքր տարիքային խմբում, և երիտասարդների կարող են գրանցել լուրջ արդյունքներ:
Միջազգային առաջնություններին զուգահեռ սևանցի թաեքվոնդոյիստները նոյեմբեր ամսին մասնակցել են նաև Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության բազային շարժումներին` տանելով ինչպես անհատական հաղթանակներ, այնպես էլ թիմային:
Հայաստանում կայացած թաեքվոնդոյի ցուցադրական ելույթների ներկայացմամբ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի թաեքվոնդոյի խումբը կրկին եղել է լավագույնը:
Դեկտեմբերի 16-ին էլ պատրաստվում են մասնակցելու «Տիգրան Մեծ» ակումբի թաեքվոնդոյի բաց առաջնությանը:
Մարզիչ Խաչիկ Թորոսյանը թվարկում է իրենց հաջողությունները, անցած և առաջիկա մրցաշարերը և հպարտությամբ նշում, որ իր և իր մարզիկների կողքին միշտ զգացել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ներկայությունը, նրա աջակցությունը և քաջալերանքը, ինչի շնորհիվ կարողացել է միշտ առաջ նայել` հաղթանակներ գրանցելու ակնկալիքով:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/12/05/924377/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner