Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/05/2017
Երեքը մեկում. արվեստանոց-թեյարանից` հուշանվերների թանգարան

«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանի ողջ օրը հագեցած է. պետք է հասցնել գլուխ բերել միանգամից մի քանի ձեռնարկ, որոնց շնորհիվ նաև քաղաքի համար են բացվելու նոր հեռանկարներ: Տարիների ընթացքում իրականացնելով կամավորական և դրամաշնորհային մի շարք ծրագրեր` կազմակերպությունն իր գործունեության համար հստակեցրել է մի քանի ուղղություն: «Անցած 9 տարիների ընթացքում մեր գործունեության բազմազանության մեջ հստակ կարելի է նշմարել կարմիր թելով անցնող մշակութային ծրագրերի հսկայական ծավալը և, ինչու չէ, նաև լավ որակը: Բազմաթիվ համերգներ, ազգային տոներ, ցուցահանդեսներ, աուդիո-վիզուալ արտադրանք, երիտասարդական թատրոն, կրթական-մշակութային հանդիպումներ և ծրագրեր և այլն: Չնայած մշակութային ծրագրերի հսկայական ծավալին` արդյունքն արդարացիորեն այդքան էլ չի բավարարում այսօրվա երիտասարդին: Վերլուծելով անցած ճանապարհը` մենք հասկացանք, որ մեզ անհրաժեշտ են ոչ թե բազմաթիվ, մեկանգամյա ծրագրեր, այլ մենք կարիք ունենք տևական, ուղղորդված և համակարգված գործունեության, մշակութային քաղաքականության, որի արդյունքում կստեղծվի մշակութային միջավայր: Գնահատելով համայնքի հնարավորություններն ու ռեսուրսները` կազմակերպությունն իր ռազմավարության մեջ տվեց ընդգծված առաջնայնություն` մշակույթ և տուրիզմ: Այս 2-ի «համաձուլվածքից» փորձում ենք կերտել մեզ համար անհրաժեշտ մշակութային միջավայրը»,- ասում է Գոհարը: Մշակութային միջավայր ապահովող և տրամադրություն ստեղծող արվեստանոց-թեյարանի ունենալու գաղափարը վաղուց կար, սակայն կազմակերպությունն այն չէր կարող իրականացնել, որովհետև գործունեության նման ուղղվածություն չուներ ամրագրած: Երիտասարդական ակումբի կյանքում շրջադարձային էր 2015-ը, երբ կազմակերպությունը դարձավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անդամ: Այս իրողությունն էլ թույլ տվեց վաղուց փայփայած գաղափարին տալ միս ու արյուն: Գոհար Մնացականյանը ներկայացնում է. «Քանի որ այդ կաթսայում էինք, մասնակցեցինք «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին: Մեծ թիմ էր` շուրջ վեց տասնյակ, որից 10-ը հաղթահարեց շեմը: Մեր ներկայացրած գաղափարը տարբերվում էր, քանի որ թիրախային խումբ էին ընտրվել այն երիտասարդները, որոնք մշակութային ոլորտում չեն կարողանում ռեալիզացվել: Մայրաքաղաքում ստանալով կրթություն` քաղաք վերադառնալու մոտիվացիա չունեն, այնինչ նրանք ունեն ստեղծագործելու և ներկայացնելու տաղանդ և ձիրք»: Երիտասարդների համար հետաքրքրությունների դաշտ ստեղծելու, ստեղծագործելու հնարավորություն տալու, ներկայանալու և ներկայացնելու նպատակով առավել ընդգրկուն ծրագիր ներկայացվեց: Հունիսի սկզբին Սայաթ-Նովա 16/13 հասցեում կբացվի մշակութային միջավայր ապահովող հրաշալի մի վայր` արվեստանոց-թեյարան` «Բոհեմ», որտեղ պարբերաբար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ սևանցի և դրսի արվեստագետների կողմից, և միաժամանակ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան կազմակերպել իրենց մշակութային հանգիստը: Արվեստանոց-թեյարանի կողքին կյանքի է կոչվելու ևս մեկ գաղափար` «Հուշանվերների թանգարան» ունենալը: Այն իրենից ներկայացնում է եզակի մի վայր Հայաստանում, որտեղ կարելի է ծանոթանալ, թե տարբեր ժամանակներում մարդիկ միմյանց ինչ են նվիրել, ինչ սովորություններ են ունեցել, ինչ ճաշակ և աշխարհայացք. այն նպատակ ունի բացահայտելու մեր կենցաղային մշակույթից մի էպիզոդ: Արդեն մի քանի ամիս ընթանում է հուշանվերների հավաքման գործընթացը: Գոհարի փոխանցմամբ` թանգարանն առայժմ կլինի արվեստանոց-թեյարանի շրջանակներում, սակայն վստահ են, որ հավաքածուն այնքան կմեծանա, որ կունենան առանձին շինությամբ թանգարանի շենք: Այս միջավայրի ստեղծմամբ սևանցի երիտասարդները փորձելու են ձևավորել նոր մշակույթ, ազատ հարթակ բոլոր ստեղծագործողների համար, ընտանեկան և ընկերական հավաքների սպասված վայր: Ի դեպ, ստացված հասույթի մի մասն ուղղվելու է «Սևան» երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների իրականացմանը: Փառատոնն արդեն երկու տարվա կենսագրություն ունի և սկսնակ, տաղանդավոր, դրական մտքերով և էներգիայով լեցուն երաժիշտ կատարողների համար լավագույն հարթակ է: «Երաժշտության շուրջ միավորում ենք երիտասարդներին, որոնք Հայաստանի տարբեր ծայրերից են գալիս, նրանց տրամադրվում է բեմ, հնարավորություն ելույթ ունենալու, որտեղ չկան հաղթողներ և պարտվողներ, իշխում է պոզիտիվ տրամադրությունը` նոր ծանոթություններով, ընկերներով և ամենակարևորը` առանց սթրեսի և լարվածության»,- հավելում է Գոհարը: «Սևան» երաժշտական փառատոնն անցկացվում է Սևանա լճի ափին` թերակղզում: Ի դեպ, փառատոնի կազմակերպիչները նպատակ ունեն այն քաղաք բերելու: Զբոսաշրջությունը որպես գերակա ուղղություն որդեգրած Սևան համայնքի համար երիտասարդական այս նախաձեռնությունները ոչ միայն նորություն են, հետաքրքիր ու տարբերվող, այլ նաև կարող են դառնալ բեկումնային զբոսաշրջային գործի զարգացման ճանապարհին:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/05/04/883145/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner