Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
22/05/2018
Սևանի պետական քոլեջի տնօրեն Ռուբիկ Գևորգյանի համար միաձուլման նպատակն անհայտ է

Սևանի պետական քոլեջը /նախկին տեխնիկում/ շուտով կբոլորի գործունեության 52-ամյակը: Սևանում գործող ևս մեկ ուսումնական հաստատություն` արհեստագործական ուսումնարանը /նախկին պրոֆտեխուսումնարան/, արդեն 49 տարեկան է: Սևան քաղաքի և տարածաշրջանի, նաև հարակից այլ քաղաքների սովորողների համար այս ուսումնական հաստատությունները եղել են նախնական և միջին մասնագիտական կրթության դարբնոցներ:
Անցած տարիների ընթացքում ստեղծվել են ավանդույթներ, գրանցվել են հաջողություններ:
Այս հաստատությունների շատ շրջանավարտներ քննություն են բռնել աշխատաշուկայում, քոլեջի ուսանողները շարունակել են կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Սակայն հաշվի առնելով առկա միտումները, կրթությանը և կրթական հաստատություններին ներկայացվող նոր պահանջներն ու չափորոշիչները` դեռևս անցյալ տարվանից ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից քոլեջի և ուսումնարանի միաձուլման հարցը դարձավ օրակարգային:
Այս տարվա ապրիլի 12-ին ՀՀ կառավարության` N 446-Ա որոշմամբ «Սևանի պետական քոլեջ» և «Սևանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Ինչպես նշված է որոշման մեջ, «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի գործունեության հիմնական նպատակներից են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման ապահովումը, բարելավման համապատասխան համակարգի կիրառումը, բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը:
Նշենք, որ այս նպատակներն ամրագրված են եղել նաև քոլեջի և ուսումնարանի գործունեության նպատակների ցանկում:
ՀՀ կառավարության այս որոշման վերաբերյալ արհեստագործական ուսումնարանի տնօրեն Գեղամ Խաչատրյանն ասաց, որ այն ունի և դրական, և բացասական կողմեր:
Բացասականներից նշեց սպասվող կրճատումները, իսկ դրականի վերաբերյալ նշեց. «Միաձուլման արդյունքում ուսումնարանի առկա բաժինները կպահպանվեն, երկու ուսումնական հաստատությունների մասնաշենքերը` ևս:
Ինչ-որ չափով ուշադրությունից դուրս մնացած ուսումնարանի համար նյութատեխնիկական բազայի համալրման, կահավորման, հիմնանորոգման խնդիրը կլուծվի»:
Սևանի պետական քոլեջի տնօրեն Ռուբիկ Գևորգյանի համար միաձուլման նպատակն անհայտ է: «Նման որոշում կայացնելուց առաջ պետք է լիներ հանրային քննարկում, լսումներ:
Նախապես պետք է հարցնեին այն մարդկանց կարծիքը, ովքեր այս գործընթացի մեջ են, լսեին մեր առաջարկները»,- ասում է քոլեջի տնօրենը: Քոլեջում ներկայումս սովորում է 320 ուսանող: Որոշման կիրարկումից հետո սպասվում է հաստիքների կրճատում:
Ռուբիկ Գևորգյանի դիտարկմամբ` շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն տրվել: Քոլեջում տնօրենի կարծիքը կիսում են և դասախոսական կազմը, և ուսանողները: Նրանք նամակ են հղել ՀՀ կառավարություն, ԿԳ նախարարին: Պահանջը մեկն է` որոշումը կասեցնել կամ չեղյալ համարել: Սպասում են դրական պատասխանի ակնկալիքով:
Մինչ համադրվում են կողմ ու դեմ կարծիքները, տեղեկացնենք, որ որոշմամբ ամրագրված է, որ բազմագործառութային քոլեջում օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես` արտադպրոցական դաստիարակության կազմակերպում, ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում, հրատարակչական գործունեություն, մշակութային գործունեության իրականացում, կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և այլն:
Եթե որոշումը չվերանայվի, ապա 2017-2018 ուսումնական տարին երկու կրթական հաստատությունները կամփոփեն առանձին, իսկ նոր ուսումնական տարին կսկսեն մեկ ամբողջության մեջ` արդեն բազմագործառութային քոլեջի կարգավիճակով:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/05/22/958630/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner