Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
30/05/2018
Կրեատիվ գաղափարից մինչև ծրագիր

«IRAPA» ֆրանս-հայկական հարթակը, «Tourisme Guegharkounik» և «Goris Tourist Info Center» ֆեյսբուքյան էջերն արդեն երկրորդ անգամ նախաձեռնում են «Երիտասարդական Կրեատիվ Դրամաշնորհ» ծրագիրը, որը մեկնարկել է մայիսի 23-ին: Այս դրամաշնորհը` 500 եվրոյին համարժեք դրամ գումարային ֆոնդով, Գեղարքունիքի մարզի և Գորիսի տարածաշրջանի երիտասարդներին հնարավորություն է տալու իրականացնել պատմամշակութային ժառանգությունը խթանող ծրագրեր՝ ի նպաստ տվյալ տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման և գրավչությունների բացահայտման: Ֆրանս-հայկական IRAPA հարթակը միավորում է հայաստանյան և ֆրանսիական 8 համայնք /ներառյալ Գեղարքունիքի մարզը/ և կարևորում է զբոսաշրջային գործի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Դեռևս անցյալ տարի ամռանը Սևանում և Գորիսում հայտարարեց «Զբոսաշրջության կրեատիվ դրամաշնորհ» ծրագրի մրցույթի մասին: Ծրագիրը տարբերվում էր զբոսաշրջության զարգացմանը միտված մյուս նախաձեռնություններից, ակնկալվում էր վերջնական արդյունքի յուրօրինակություն, թիմի հմուտ աշխատանք, որը նպաստելու էր նաև միջհամայնքային կապերի ապահովմանը: Ծրագրին արձագանքել էին շատերը. 18 թիմ ներկայացրել էր իր տեսակի մեջ ինքնատիպ, տարածաշրջանային առանձնահատկություններից բխող, տեղական ժառանգությունն արժևորող ծրագիր: Ծրագրային պայմաններից էր, որ թիմերը մինչև 1000 եվրո դրամաշնորհով ծրագիրը պետք է իրականացնեին կամավորական հիմունքներով. գումարը նախատեսված էր միայն ծրագրի իրականացմանը: Արդյունքների ամփոփումից հետո Սևանում հաղթող ճանաչվեց «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի երիտասարդների կողմից ներկայացված «Հայկական փոստային բացիկ» ծրագիրը: «Սևանի տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների կողմից կար պահանջարկ այնպիսի բացիկների, որոնց վրա պատկերված են լինելու պատմամշակութային հուշարձանները, բնապատկերներ, անգամ այն վայրերն ու պահերը, որոնք առաջին հայացքից կարող են աչքի չընկնել, ուշադրություն չգրավել, սակայն ինքնատիպ են և, լուսանկարչական ապարատը, որսալով դրանք, հավերժացնելու է այն ու հանրայնացնելու»,- ներկայացնում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի անդամ Արմինե Ժամհարյանը, ով շահած ծրագրի 4 երիտասարդներից մեկն է: Թիմի աշխատանքային մեկնարկն արդեն տրվել է: Եվս մեկ-երկու ամիս, և առաջին արտադրանքը` մեկը մյուսից տարբերվող բացիկների տեսքով, կդառնա սպասված հուշանվեր, որը կպատմի Սևանի տարածաշրջանի և Գեղարքունիքի մարզի հայտնի ու անհայտ գրավչությունների մասին: Բացիկների վրա կլինեն նաև համապատասխան մեկնաբանություններ, որոնք գեղարվեստական արվեստին կավելացնեն ճանաչողականը: Թիմի անդամ Արմինե Ժամհարյանի փոխանցմամբ` թիմն աշխատում է Սևանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, որի միջոցով նպաստելու է միջհամայնքային կապերի ամրապնդմանը, միաժամանակ նախատեսվում է դուրս գալ մարզի սահմաններից և ծրագիրը դարձնել համահայկական: «Տեղադրվելու են 3 փոստային արկղիկներ մարդաշատ վայրերում, որտեղից հնարավոր կլինի գնել բացիկները: Դրանց արժեքը լինելու է 500 դրամ և ուղղորդվելու է նոր բացիկների տպագրությանը»,- ասում է Արմինեն: Այս բացիկները զբոսաշրջիկների միջոցով շրջելու են ողջ աշխարհում և տարածաշրջան են բերելու զբոսաշրջիկների նոր խմբերի` արդեն տեղում ծանոթանալու և տեսնելու բացիկների վրա պատկերված վայրերն ու հուշարձանները: Կրեատիվ գաղափարն արդեն դարձել է կոնկրետ ծրագիր` ճանաչողական, գեղարվեստական լուծումներով: Իսկ առջևում նոր գաղափարներ են, որոնք իրականություն դառնալու համար արդեն հայտարարվել է մրցույթ, և կազմակերպիչներն էլ սպասում են հերթական ինքնատիպ ծրագրային առաջարկներին: Տեղեկացնենք, որ ծրագրային առաջարկները պետք է ներկայացնել Ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով: Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն է 2018թ.-ի հունիսի 18-ը: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «Tourisme Guegharkounik» ֆեյսբուքյան էջ:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/05/30/960577/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner