Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/04/2018
Ապրիլի 7-ը Սևանում. ընդունելությունից մինչև ֆլեշմոբ

Ապրիլի 7-ը` Մայրության և գեղեցկության օրը, կրկին մի հարկի տակ էր հավաքել սևանցի զոհված ազատամարտիկների, զինվորների կանանց, մայրերին, Արցախյան հերոսամարտի ճամփաներով անցած կանանց:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը տոնական օրվա կապակցությամբ կազմակերպել էր ընդունելություն, որը շնորհավորանքների, բարեմաղթանքների, ինչպես նաև մտահոգող խնդիրների բարձրաձայնման լավագույն առիթ էր:
Ավանդական դարձած այս հանդիպում-ընդունելության մուտքն ազդարարվեց գարնանային ծաղիկների բաժանմամբ:
Սարգիս Մուրադյանը, ողջունելով հրավիրյալներին, նշեց. «Մենք չենք սահմանափակվում Կանանց մեկամսյակով:
Տեղական իշխանության ուշադրությունն ամենօրյա է և մշտական:
Դուք էլ ոչ միայն այսօրվա հերոսներն եք, այլ նաև ձեր կյանքով շատերի համար լավագույն օրինակ եք:
Դուք կորցրել եք ամենաթանկը, ձեր ամուսիններն ու տղաները հայրենիքի փրկության զոհասեղանին են դրել իրենց կյանքը, որ Հայոց աշխարհում թևածի խաղաղությունը:
Մեզանից յուրաքանչյուրը հպարտանում է ձեր ամուսինների, տղաների գործած սխրանքներով և ձեզանով:
Սիրելի մայրեր ու կանայք, մաղթում եմ ձեզ բարեկեցիկ կյանք, առողջություն, երկար տարիների կյանք»:
Սևան համայնքի ղեկավարը կանանց հրավիրեց երկխոսության:
«Չնայած օրը տոնական է, սակայն, կարծում եմ, քիչ չեն այն խնդիրները, որոնց մասին կուզենայիք բարձրաձայնել»,- նկատեց համայնքի ղեկավարը: Հրավիրյալների կողմից նշված խնդիրներն էլ բազմաբնույթ էին, որոնք, ինչպես նշեց պարոն Մուրադյանը, կարճ ժամանակ անց կստանան իրենց լուծումը:
Հոգս ու խնդիրներին զուգահեռ կանայք իրենց շնորհավորանքի խոսքերը հղեցին, շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին մշտական ուշադրության համար:
Հրաժեշտից առաջ Սարգիս Մուրադյանը մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին, չմոռացավ հիշեցնել, որ նրանց խնդիրները միշտ էլ արժանացել և արժանանալու են համապատասխան ուշադրության:
«Վիշտը ձերն է, ու չնայած անցել է երկար տարիներ, սակայն այն բաց վերք է, որ միշտ կրելու եք ձեր հոգում:
Մաղթում եմ ձեզ ուժ, տոկունություն, համբերություն, լավատեսություն:
Դուք ձեր ընտանիքների ամուր հենարանն եք, պատվախնդրորեն դաստիարակում եք զավակներ ու թոռներ:
Ու միշտ հիշեք` մենք ձեր կողքին ենք: Թեև մեծ չեն համայնքի հնարավորությունները, սակայն անգամ այս դեպքում ձեր կողմից բարձրաձայնվող ոչ մի խնդիր չի մնալու անարձագանք»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:
Տոնական ընդունելությունն ավարտվեց պարգևավճարների հանձնմամբ:
Ապրիլի 7-ի կեսօրին Սևանի Նաիրյան փողոցի մի հատվածը վերածվել էր պարահրապարակի:
Կանանց և աղջիկներին շնորհավորելու համար կազմակերպվել էր ինքնատիպ ֆլեշմոբ` շուրջպարի ներկայացմամբ, որը ստեղծել էր մեծ աշխուժություն և բարձր տրամադրություն: Արևային տաք օրը լցվել էր ծաղիկների բույրով, փուչիկների հրավառությամբ, պայծառ հայացքներով:
Երեխաների շնորհավորանքն իրենց համաքաղաքացի կանանց բավականին լավ արձագանք գտավ:
Մի քանի րոպե անցուդարձ անող մարդկանց երթևեկը դադարեցվել էր. մեծ ու փոքր դարձել էին ֆլեշմոբի հանդիսատեսն ու մասնակիցը:
Սևանի համայնքապետարանի և «Ախթամար» պարային համույթի ղեկավար Արմեն Խաչատրյանի, պարուսույց Պարգև Վարդանյանի նախաձեռնությամբ կազմակերպված ֆլեշմոբը ևս մեկ գույն ավելացրեց տոնական օրվա նախաձեռնություններին:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/04/07/947794/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner