Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/08/2017
Սևանի ափին. երկու փառատոն մեկ վայրում

Սևանցիներին ու Սևանի հյուրերին, ափին իրենց հանգիստը վայելողներին, այստեղով անցնող զբոսաշրջիկներին օգոստոսի 12-ին` Երիտասարդության միջազգային օրը, կմիավորի երկու փառատոն` երաժշտական և ձկան համտեսի: «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած արդեն եռամյա կենսագրություն ունեցող «Սևան» երաժշտական փառատոնն այս տարի էլ մասնակիցներին հրավիրում է` վայելելու բարձրաճաշակ երաժշտություն: Փառատոնի կազմակերպիչներից Մերի Մկրտչյանը նշում է, որ երիտասարդ մասնակիցները բեմ են դուրս գալու՝ հանրության ուշադրությանը նորովի ներկայացնելու դասական հայ երաժշտությունն ու ցանկացած այլ ժանրի օրիգինալ ստեղծագործություն: Մասնակցելու են ինչպես երաժշտախմբեր, այնպես էլ անհատ կատարողներ: «Սևան» երաժշտական փառատոնի կազմակերպիչների հավաստմամբ` երաժշտության շուրջ միավորվելու գաղափարը ոչ միայն արդարացված է, այլ նաև անհրաժեշտ: Սա միաժամանակ բարեկամության, նոր ծանոթությունների, հետագա համագործակցության լավագույն հարթակ է, որը նպատակ ունի տարեցտարի ընդլայնելու իր աշխարհագրությունը և լճի ափից մուտք գործելու քաղաք: Երաժշտական փառատոնը զուգակցվելու է ձկան համտեսով: «Փառատոնի շրջանակներում Սևանը հյուրընկալելու է Սեդրակ Մամուլյանի խոհարարական դպրոցի աշակերտներին՝ պատրաստելու համեղ տեղական ձկնային ուտեստներ փառատոնի քաղցած և հետաքրքրասեր այցելուների համար: Ընտանիքների համար կառաջարկվեն նաև զովացուցիչ ըմպելիքներ, տնական կոմպոտ, խորտկեղեն»,- ասում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը: Այս նախաձեռնությունը լճի բարիքները նորովի ներկայացնելու, ձկից պատրաստվող կերակրատեսակները համտեսելու, ինչպես նաև Սևանա լճին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու ինքնատիպ հնարավորություն է: Գոհար Մնացականյանի փոխանցմամբ` փառատոնի հիմնական նպատակից բացի, այն է` երևան հանել և բարձրացնել մեր ստեղծագործ հայ երիտասարդ տաղանդներին, փառատոնը նաև մեծ կարևորություն է տալիս Սևանա լճին՝ որպես ապագա սերունդների համար կարևոր բնական ռեսուրսի: Հետամուտ լինելով բնության պահպանությանը` «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից մասնակիցներին տրամադրվելու են էկո-բաժակներ: Օրվա ընթացքում կազմակերպվելու են նավակով շրջագայություններ՝ բացահայտելու լճի շրջակա տարածքներն: Փառատոնի կազմակերպիչները բոլորին հրավիրում են Սևան` հանրային թիվ 1 լողափ, հանգստի մեկ օրն անցկացնելու առավել բովանդակալից և հետաքրքիր, նաև հիշեցնում են, որ մուտքն ազատ է և երեկոյան էլ կշարունակվի զվարճանքը DJ-ի մասնակցությամբ:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/08/07/901340/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner