Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/12/2017
Բիզնես գաղափարները` մի հարկի տակ. ծրագրերից մինչև բարեգործություն

Մասնագիտությամբ մանկավարժ, շուրջ 15 տարի դաստիարակ ու դասվար աշխատած Անուշ Բադալյանը միշտ էլ համոզված է եղել, որ աշխատանքը` որպես ինքնարտահայտման ու ինքնահաստատման միջոց, կնոջ համար անհրաժեշտություն է:
Տարիներ առաջ ընտանիքի խորհրդով, եղբոր ուղղորդմամբ ու աջակցությամբ երեխաների աշխարհին իր կենսագրությամբ կապված Անուշն ինքնարտահայտման իր վաղեմի ցանկությունը` սեփական բիզնես ունենալը դարձրեց գաղափար, ապա` կոնկրետ գործ:
«2010թ., երբ ընթանում էին ապագա համալիրի շենքի կառուցման աշխատանքները, ես դեռ հստակ չէի էլ պատկերացնում, թե ինչ ենք ունենալու արդյունքում:
Հաստատ էր մի բան` ինչ ուղղվածություն էլ ունենա` փոքրիկներին չեմ անտեսելու:
Երեխաների նկատմամբ ունեցած սերս, նրանց առօրյան ու ժամանցը նաև մայրաքաղաքից սահմաններից դուրս հետաքրքիր դարձնելու ձգտումս օր օրի ստացան միս ու արյուն»,- ասում է 5-ամյա կենսագրություն ունեցող «Սևան» համալիրի տնօրեն Անուշ Բադալյանը:
Երիտասարդ կնոջ բիզնես գաղափարները խմբվել են մի հարկի տակ, ու արդեն մի քանի տարի եղանակ են ստեղծում ոչ միայն Սևանում, այլ նաև տարածաշրջանում:
Մանկական սրճարանը, ժամանակակից խաղամիջոցներով ու ատրակցիոններով հագեցած խաղասրահը, գործող նախակրթարանը, դասապատրաստման դասարանը, համակարգչային ակումբը, պարի, մարմնակրթական, անգլերենի ուսուցման խմբակները դարձել են մի ամբողջական համալիր, որոնց առանցքում երեխայակենտրոն գործունեությունն է:
Այս ամենին լրացնելու է եկել ևս մեկ նախաձեռնություն:
Անուշ Բադալյանի փոխանցմամբ` հաշվի առնելով ներկայիս սոցիալական վիճակը, բնակչության անվճարունակությունը` իրականացնում են համակարգչային գիտելիքների ուսուցման անվճար դասընթացներ, որի շահառուները Սևան համայնքի և տարածաշրջանի երեխաներն են:
Շաբաթական 3 օր համալիրի համակարգչային կահավորված սենյակում երեխաները քայլ առ քայլ խորացնում են իրենց գիտելիքները` ստանալով համակարգչային գրագիտության անվճար դասեր:
«Հաշվի առնելով արդի միտումները, արդեն իսկ ունեցած փորձը, ժամանակակից պահանջներին համապատասխան լսարանի առկայությունը` կյանքի կոչեցինք նաև այս ձեռնարկը:
Կարծում եմ` քանի դեռ կա պահանջարկ, այն կլինի շարունակական: Երեխային տալով հիմնարար բազային գիտելիքներ` մենք ինչ-որ չափով ապահովում ենք նրա ապագան»,- նշում է «Սևան» համալիրի տնօրենը: Առաջին հայացքից ամեն ինչ թվում է դյուրին:
Ուրախ և տաք գույների հետևում ամենօրյա դժվար աշխատանք է, բազմաթիվ խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել:
«Կարևորն աշխատանքի ճիշտ կազմակերպումն է, որտեղ ես սահմանել եմ բարձր նշաձող: Ասեմ, որ տղամարդկանց ինձ մրցակից չեմ համարում:
Գոնե փոքր քաղաքներում քչերը կփորձեն մուտք գործել այս ոլորտ` այն համարելով աշխատատար և ոչ եկամտաբեր, իսկ ինձ համար իմ ստեղծածը բիզնեսից առավել է,- ներկայացնում է Անուշը, ապա շարունակում:- Անգամ երբ գործի կամ անհրաժեշտության բերումով մի քանի ժամ բացակայում եմ, ինձ թվում է` ինչ-որ բան պակաս է, կամ համալիրում գործերն այն չեն: Սա իմ աշխարհն է, և ես ամբողջովին նվիրվել եմ դրան»:
Կնոջը միայն ներսի պատ ընկալելը վաղուց է կորցրել իր արդիականությունը:
Այդ սահմանները ընդլայնվել են, ու այսօր կինը ներկայանում է որպես հաջողակ գործարար, խելացի ղեկավար և կազմակերպիչ:
Խելացի ղեկավարման արդյունքում էլ երիտասարդ գործարար կինը ստեղծել է աշխատատեղեր, շուրջտարին գործող նախակրթարան, փոքրիկների ու նրանց ծնողների համար ընկերական, ընտանեկան, ժամանցի գողտրիկ անկյուն, անվտանգ ու ապահով միջավայր, հետաքրքիր լուծումներով, ճաշակով կահավորված սրահներ ու մասնագիտացված կաբինետներ:
«Սևան» համալիրի գործարկմամբ Սևանում ձևավորվել է նաև ազատ ժամանցի կազմակերպման մշակույթ:
Անուշն անցկացնում է զուգահեռներ. «Երբ մանկական սրճարանը նոր էր բացվել, ես տեսնում էի, որ երեխաները կաշկանդված են, միմյանց հետ շփվելու խնդիրներ ունեն, երբեմն չեն էլ կարողանում ճիշտ օգտվել սեղանից կամ չգիտեն վարվեցողության կանոնները:
Այժմ նրանք հղկվել են, ավելացել են ընկերական խնջույքներն ու հավաքները, շատերը նախընտրում են ծննդյան տոները անցկացնել այս միջավայրում:
Այսօրվա երեխաները վաղվա քաղաքացիներն են. նրանց նաև այսպես ենք սովորեցնում ապրել ազատ, ուրախ, անկաշկանդ, օգտվել իրենց համար ստեղծված պայմաններից, տեսնել գեղեցիկը»:
Անուշ Բադալյանը համալիրի շենքի առաջին քարը դնելուց մինչև դրա լիարժեք գործունեությունը եղել է և կա սրտացավ տնտեսվար ու տանտեր. գուցե դա է պատճառը, որ յուրաքանչյուր մանրուք համարում է կարևոր, իսկ ամենակարևորը իր աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան փոխելու ու ավելացնելու ձգտումն է:
«Ֆինանսական կայունությունը շատ կարևոր է, միաժամանակ գործարարությունը հնարավորություն է տալիս օգտագործել մտավոր, գործնական կարողություններդ:
Անշուշտ, գործարար կինը քիչ խնդիրներ չունի, սակայն եթե խնդիրների հանդիպելիս ընկրկես, ոչնչի էլ չես հասնի, ավելին` եղածն էլ կկորցնես:
Իսկ չկորցնելու համար գալիս են օգնելու կազմակերպվածությունը, դժվարություններին դիմակայելը, պատասխանատվությունը, շրջահայացությունը, վերաբերմունքը դիմացինի նկատմամբ: Ես լավ եմ հասկանում` ինչ ձևով աշխատակիցներին վերաբերվես, նույնն էլ նրանք կփոխանցեն այցելուներին ու հաճախորդներին, իսկ եթե այդ հաճախորդների զգալի մասը փոքրիկներ են ու դեռահասներ, ավելի քան կարևորվում է վերաբերմունքն ու մոտեցումը»,- եզրակացնում է Անուշը:
Անուշի պատասխանատվությունը իր, ընտանիքի և սևանցիների հանդեպ դարձել է կենսակերպ:
Ու պատասխանատվության արդյունքում է նաև, որ տարիներ շարունակ Անուշն ու նրա ընտանիքը չեն էլ պատկերացնում իրենց կյանքն առանց բարեգործական ձեռնարկների: 2010թ-ից մինչ օրս Սևանի և տարածաշրջանի շուրջ 4300 երեխայի մկրտություն կազմակերպվել է նրանց շնորհիվ ու ֆինանսական միջոցներով:
2016թ-ին էլ այցելել են Ստեփանակերտ, այնտեղի զորավարժարանում մկրտել 80 հոգու:
Այս բարեգործությունը շարունակվում է նաև այսօր: ՀՀ կառավարության հովանու ներքո անցկացվող «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության «Կին-բարեգործ» անվանակարգն էլ 2013թ. հանգրվանել է նրա մոտ:
Անուշի հետ շրջում ենք համալիրի տարածքում. ամենուր մաքրություն է, կոկիկություն, սրտացավ ու պատվախնդիր տիրուհու հոգատար ձեռքն ու պրպտուն միտքն ամեն քայլափոխի իրենց զգացնել են տալիս:
Իսկ այս ամենի հետևում ջանադիր և նպատակասլաց աշխատանք է, քանի որ փոքր քաղաքներում դժվար է կյանքի կոչել այսպիսի բիզնես ծրագրերը, առավել դժվար` դրանք պահպանելն ու զարգացնելը:
Նշեմ միայն մեկ փաստ. նման շենքի տարածքի պահպանումն արդեն իսկ ծախսատար է /Սևանում ձմռան շրջանը սկսվում է հոկտեմբերին, ավարտվում մայիսին, իսկ շենքն առանց ջեռուցման համակարգի գործարկման հնարավոր չէ պահպանել/:
Անուշ Բադալյանն աչքի առաջ ունենալով բոլոր դժվարությունները, ավելին` անցնելով դրանց միջով` ստեղծել է գողտրիկ անկյուն` սևանցիներին պարգևելով ջերմ ու հաճելի մթնոլորտ, նրանց փոքրիկներին` զարգացնող ու ազատ ժամանցն ապահովող միջավայր: Խոսում ենք նաև ապագա ծրագրերի մասին:
«Առայժմ բավարարվում եմ այսքանով, սոցիալ-տնտեսական նման իրավիճակն ավելին անելու հնարավորություն չի տալիս:
Ինքս էլ հաճախ օգնության կարիք ունեմ: Ես փող եմ ներդրել և սրտացավորեն հետևում եմ ամեն ինչին: Իհարկե, նպատակս միայն գումար վաստակելը չէ:
Աշխատանքի ընթացքում զգում ես, թե ինչքան կարևոր բաներ կան, իսկ այժմ մեկ գերխնդիր ունեմ` պահպանել ու զարգացնել ստեղծածս»:
«Բարի լույսերն» ու «բարի երեկոները» Անուշի համար սկսվում և ավարտվում են «Սևան» համալիրի հարկի տակ, որտեղ աշխատանքի բերումով հավաքված մարդիկ դարձել են մի ընտանիքի անդամներ` իրենց հոգսերով ու ուրախություններով: Գործարարության մեջ հաջողություններ գրանցած Անուշ Բադալյանն էլ հաջողության իր բանաձևն է բարձրաձայնում` նվիրում ստեղծածին, որի հետևում այդքան աշխատանք ու ներդրում ունի:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/12/04/923963/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner