Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
03/05/2018
Նախադպրոցական ուսումնական հաստատությունները եղել և մնում են տեղական իշխանության ուշադրության կենտրոնում

ՀՀ կառավարությունը` որպես ռազմավարական նպատակ որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականություն: Որպես թիրախային ցուցանիշ` նախատեսված էր մինչև 2015թ-ին այդ խմբի երեխաների ընդգրկվածությունը հասցնել 90%-ի: Այս նպատակը կյանքի կոչելու համար մշակված ծրագրերի շարքում առանձնանում է նախակրթարանների գործունեությունը, որի առաքելությունն է ավագ տարիքային խմբի տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստվելը: 2008թ-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ նախադպրոցական կրթության և բարեփոխումների 2008-2015թթ-ի ռազմավարական և փորձնական ծրագրերի շրջանակներում 2013-2014 ուստարվանից Սևան համայնքում ևս իրականացվել է 3 միկրոծրագիր` Ցամաքաբերդի, Գոմաձորի միջնակարգ դպրոցների և թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզի հենքերի վրա: Միկրոծրագրերի ավարտից հետո նախակրթարանները շարունակում են իրենց գործունեությունը: «Եթե հանրապետության շատ համայնքներում նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցման խնդիրը կարգավորելու համար են բացվում նախակրթարաններ, քանի որ ունեն նախադպրոցական հաստատությունների անբավարար ցանց, ապա Սևանում այն սկզբում նպաստում էր սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը, իսկ 2017թ-ից, երբ մանկապարտեզներում ծնողական վարձավճարները զրոյացվեցին, թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզի հենքի վրա գործող նախակրթարանը մանկապարտեզների ծանրաբեռնվածությունն է թեթևացնում»,- ասում է Սևանի համայնքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ներսիսյանը: Սևան համայնքում գործում է 5 մանկապարտեզ, որտեղ ուսուցման և դաստիարակության գործընթացը կազմակերպվում է նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրով: Ի տարբերություն մանկապարտեզ հաճախողների, որոնց համար սահմանված է մանկապարտեզում մնալու 8-ժամյա գրաֆիկ, նախատեսված են քնի ռեժիմ և սնունդ, նախակրթարանում երեխաները մնում են 3.5-4 ժամ, քնի և սննդի գրաֆիկ չկա, սակայն ուսուցումը կազմակերպվում է դարձյալ նույն ծրագրով: Նախակրթարանի առօրյային, իրականացվող կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելում ենք թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզի հենքի վրա գործող նախակրթարան: Այս ուսումնական տարում նախակրթարան է հաճախում 76 երեխա, գործում է 2 խումբ: «Բողբոջ»-ի տնօրեն Ծովիկ Բադալյանի հավաստմամբ` նախակրթարանի գործունեությունը նպատակային է և կենսունակ, իսկ ընտրված մոդելի տեսանկյունից` արդարացված: «Մեր մանկապարտեզի հիմքի վրա արդեն 5 տարի իրականացվում է նախադպրոցական կրթական ծրագիր, որի նպատակն է 4-6 տարեկան երեխաների արդյունավետ նախապատրաստումը տարրական կրթությանը,- ներկայացնում է Ծովիկ Բադալյանը:- Այն ոչ միայն ապահովում է հավասար մեկնարկային պայմաններ հետագա ուսուցման համար, այն նաև ստեղծում է հիմքեր անհատական և սոցիալական հմտությունների ձևավորման և զարգացման, համագործակցելու և սեփական կարծիքն արտահայտելու, վարքագծային կառավարման համար»: Դեռևս 2013թ-ի օգոստոսին իրականացվել են նախակրթարանի մեկնարկային գործողությունները` տարածքի բարեկարգում, հիմնանորոգում, հարդարում, համալրում գույքով և սարքավորումներով, ուսումնական և ուսուցողական նյութերով, խաղերով, գրականությամբ, որի համար «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից` որպես դրամաշնորհ, տրամադրվել է 7 մլն 73 հազ. դրամ / ֆինանսավորումը կատարվել է Համաշխարհային բանկի կողմից /: «Բողբոջ» մանկապարտեզի տնօրենը ներկայացնում է անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքը. «Նախակրթարանի բացման 1-ին տարում հաճախում էր 30 երեխա: Այսօր արդեն գործում է 2 խումբ` 76 երեխայով, հաճախել ցանկացողների թիվն էլ քիչ չէ: Երեխաների համար ստեղծված է գրավիչ միջավայր, երեխաների զգալի մասը ձեռք է բերել անձնային և սոցիալական անհրաժեշտ հմտություններ, երբևէ մանկապարտեզ չհաճախած երեխան խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրագիտության, ինքնուրույն գործունեության զգալի առաջընթաց է գրանցել»: Ուսուցման նոր և արդյունավետ մեթոդների ներդրման, դիդակտիկ պարագաների նպատակային օգտագործման շնորհիվ դաստիարակները կարողանում են պարապմունքները դարձնել հետաքրքիր և հագեցած: Պարապմունքները ընդմիջվում են խաղերով, մանկական ֆիլմերի ցուցադրությամբ, հանգստի կազմակերպման այլ ձևերով: Անցկացվող պարապմունքների ցանկն էլ / օրական` 2-3 պարապմունք / այդ տարիքային խմբին համապատասխան է` խոսքի զարգացում, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, նկարչություն, ծեփ, ապլիկացիա, էկոլոգիա, երգ-երաժշտություն: Շաբաթական 5 օր` 3.5-4 ժամ տևողությամբ, պարապմունքներն ու ազատ ժամանցի կազմակերպումն իրականացվում են երեխայի ներդաշնակ զարգացմանը համապատասխան պայմաններում` լուսավոր, հիմնանորոգված, կահավորված սենյակներում: Նախակրթարանում աշխատանքները կազմակերպելու համար դաստիարակներից և օգնականից բացի աշխատում են երաժշտական ղեկավար, մեթոդիստ: Տարիների փորձը ցույց է տալիս, որ երեխաները բավականին պատրաստված են ոտք դնում դպրոց. այդ են վկայում նաև տարբեր դպրոցների դասվարները: Ծովինար Բադալյանի փոխանցմամբ` նախակրթարանի բնականոն և արդյունավետ գործունեության համար կարևոր է ծնողների հետ ճիշտ աշխատանքը, համագործակցությունը, որի արդյունքում բարձրանում է նախակրթարանի արդյունավետությունը: Նախակրթարանը, ինչպես նաև համայնքի մանկապարտեզները, ֆինանսավորվում են համայնքային բյուջեից: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, կարևորելով նախադպրոցական կրթության դերը, դրա նպատակային կազմակերպումը, բազմիցս է նշել, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները եղել և մնում են տեղական իշխանության ուշադրության կենտրոնում: Երեխայի ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման համար «Բողբոջ» մանկապարտեզում գործող նախակրթարանում ստեղծված են բարենպաստ պայմաններ, և նախակրթարանի աշխատակիցներն էլ ամենօրյա աշխատանքն են իրականացնում` ելնելով այն սկզբունքից, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է: Հավելենք, որ 2013թ-ից մինչ օրս նախակրթարան է հաճախել 300 երեխա:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/05/03/954727/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner