Այսօր: Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 495
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
16/11/2018
Լուսինե Մարտիրոսյանը ճանաչվել է Սիրտս նվիրում եմ երեխաներին անվանակարգի հաղթող

Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի դաստիարակչուհի Լուսինե Մարտիրոսյանն արդեն 20 տարի գրում է իր աշխատանքային կենսագրությունը` ընկերացած մանկան լուսավոր ու գունեղ աշխարհի հետ, որտեղ ամեն օրը բացահայտում է ու նվիրում:
Երեխաների հետ աշխատելը նրա տարերքն է, ինչը կատարում է մեծ պատասխանատվությամբ և սիրով:
Բավական է ներկա գտնվել Լուսինեի անցկացրած որևէ պարապմունքի, կազմակերպած հանդեսներին համոզվելու համար, որ նախակրթության ոլորտն իրենն է:
Անկախ պարապմունքի թեմաներից` դաստիարակչուհին միշտ որոնումների մեջ է, անգամ աչքի չընկնող երևույթները կարող է դարձնել տեսանելի ու գրավիչ:
Լուսինեն յուրաքանչյուր սանի մասին խոսում է սիրով, իր աշխատանքին մոտենում է ստեղծագործաբար, պրպտում է ու գտնում, նորարարական մտքերն ու գաղափարներն էլ հանգիստ չեն տալիս, որոնց արդյունքում ծնվում են երեխայակենտրոն աշխատանքները` ընթացիկ պարապմունքներից մինչև մասնագիտական հոդվածներ:
Ու բնավ էլ պատահական չէ, որ այս տարի «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում Լուսինեն` որպես լավագույն դաստիարակ, նախ` ներկայացրեց Սևան համայնքը, ապա` Գեղարքունիքի մարզը:
Մրցույթի եզրափակիչ փուլում էլ դաստիարակչուհու մասնակցությունը եղել է տպավորիչ, նա ցուցաբերել է մանկավարժ-դաստիարակի` իր հմտություններն ու գիտելիքները, կարողացել է լուծել իրավիճակային խնդիրներ:
Օրերս ամփոփված մրցույթի ժամանակ Լուսինե Մարտիրոսյանը ճանաչվել է «Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգի հաղթող` որպես մրցանակ ստանալով համակարգիչ:
Այս մրցանակը նրա կենսագրության մեջ տող ավելացնելուց բացի, նաև նոր մտահղացումների ու ստեղծագործ ծրագրերի մեկնարկն է ազդարարում:
Իհարկե, Լուսինեն կարող էր ճանաչվել նաև լավագույն դաստիարակ. այդ կոչմանն արժանանալու համար նա ունի մասնագիտական անհրաժեշտ որակներ, կարողություններ և հմտություններ, որոնց շնորհիվ էլ վայելում է ծնողների, իր գործընկերների, համայնքի բնակչության հարգանքը, իր բոլոր տարիների սաների սերը:
«Հեքիաթ» մանկապարտեզի դաստիարակչուհուն ներկայացնում ու բնութագրում է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ներսիսյանը, ով անմիջական և մշտական կապի մեջ է դաստիարակների հետ: «Լուսինե Մարտիրոսյանը միշտ պրպտումների մեջ է:
Նա կարողանում է համադրել եղած փորձն ու նորագույն մեթոդները, կարողանում է ճիշտ և համագործակցված աշխատել ծնողների հետ, որը նրա աշխատանքի գումարելիներից մեկն է: Դաստիարակչուհու կրթադաստիարակչական աշխատանքը տեսանելի է, որը կատարվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլ նաև մեծ սիրով: Նրա շնորհիվ երեխաների առօրյան դառնում է իմաստավորված, յուրաքանչյուր օրը` տոն:
Ինքնատիպ են նաև Լուսինեի կազմակերպած հանդեսները, որոնք երբեք չեն կրկնում իրար, միշտ լի են անակնկալներով»,- ասում է Սվետլանա Ներսիսյանը: Լուսինե Մարտիրոսյանը Սևան համայնքի նախադպրոցական կրթության նվիրյալներից մեկն է, որն ամեն օր մի նոր գույն ու երանգ է ավելացնում փոքրիկների մոլորակում` այն դարձնելով առավել լուսավոր:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/11/16/993785/

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner