Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
09/10/2017
«Հայկական կրթությանը զուգահեռ, որը մեզ մոտ լավ է դրված, պետք է իրականացնել նաև օտար լեզուների կրթական ծրագրեր». Արեւիկ Սարիբեկյան

Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրառատ էր և շնչում էր տոնական տրամադրությամբ:
Առիթը Բրիտանական խորհրդի «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում Սևանում հիմնադրվող անգլերենի ակումբի բացումն էր:
Արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավորությունների ու միջմշակութային հաղորդակցության լեզուն` նոր ձևաչափով ու մեթոդներով, այսուհետ ակումբի գործունեության տեսքով դառնալու է 9-16 տարեկան երեխաների բարեկամն ու սեփականությունը:
Ընդունելով լավագույն նվերը` թիվ 3 դպրոցի երեխաներն էլ «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցման ընթացքում իրենց սովորած պարերով դպրոցի բակը բեմահարթակի վերածած` ողջունեցին պատվարժան հյուրերին` ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արամ Փինաջյանին, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանին, միջոցառման մասնակիցներին, ծնողներին:
Լավ ու բարձր տրամադրությունը շարունակվեց դպրոցի նախասրահում:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի փոխանցմամբ` «Երեխաները կարդում են» ծրագիրը, որն իրականացվել է Բրիտանական խորհրդի կողմից, նպատակ կար բերելու Հայաստան, որը գտավ դրական արձագանք, ավելին` ծրագիրը «ծաղկեց»:
«Հայկական կրթությանը զուգահեռ, որը մեզ մոտ լավ է դրված, պետք է իրականացնել նաև օտար լեզուների կրթական ծրագրեր և չմոռանալ, որ այս երեխաները մեր վաղվա դեսպաններն են, ովքեր նստելու են միջազգային քննարկումների և բանակցությունների սեղանի շուրջ:
Այսօր իրականացվող ծրագիրն էլ նպատակ ունի ինչ-որ ձևով նպաստել նրանց ապագայի զարգացմանը»,- նշեց Արևիկ Սարիբեկյանը:
Կարևորելով լեզուների իմացությունն ու դրանց ուսուցման արդյունավետությունը` ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը նկատեց, որ նախարարությունը մեծ տեղ է տալիս օտար լեզուների դասավանդմանը և այն չի դնում ի հակադրություն հայոց լեզվի:
«Աշխարհի հետ պետք է հաղորդակցվել, իսկ անգլերենն էլ գործնական հարաբերություների ձևավորման, հետագա կրթության հնարավորությունները ընդլայնելու լավագույն հնարավորություն է:
Ակումբի գործունեությունն էլ ուղղակիորեն նպաստելու է դրա իրականացմանը: Երեխաներին պետք է հաղորդել ամբողջական գիտելիքներ և տալ ընտրության հնարավորություն:
Ու չմոռանանք, որ կրթության բարելավմանն ուղղված քայլերը ոչ թե բարեգործություն է, այլ ներդրում, որի պտուղները պետք է ստանալ տարիներ անց»,- ավելացրեց ԿԳ փոխնախարարը:
Անգլերենի ակումբը Սևան համայնքի և տարածաշրջանի դպրոցների համար լինելու է կապող օղակ, ինչ-որ տեղ նաև կենտրոն: Դպրոցներում ստացած անգլերեն լեզվի գիտելիքներն այս ակումբում բարելավվելու են և ամրապնդվելու` դուրս գալով դասասենյակային կաղապարներից:
Ուսուցումը զուգակցվելու է քննարկումներով, որոնք թույլ են տալու զարգացնելու առաջնորդության, թիմային աշխատանքի որակները, քննադատական մտածողությունը, խնդիրները լուծելու կարողությունները: «Այս ակումբը ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր գործունեության ընթացքում առաջին ակումբն է, որի համար պետք է հպարտանալ»,- նշեց Շիլա Լյումսդենը:
Հարմարավետ դասասենյակում, որն սովորելու համար միանգամայն ներդաշնակ ու տրամադրող միջավայր է, նստարանները զբաղեցնում են ծրագրի հեղինակներն ու հյուրերը, իսկ կենտրոնում դպրոցի աշակերտներն են, ովքեր դասընթացավարի օգնությամբ հեքիաթասացության ցուցադրական դասի մասնակիցն են դարձնում ներկաներին:
Ավելի քան 50 գրքով համալրված ակումբում գործելու է 2 ծրագիր` «Սովորել անգլերեն պատմություններ կարդալու միջոցով» /հեքիաթասացություն/, որի ունկնդիրն ու մասնակիցն են դառնալու 6-րդ դասարանցիները` թիվ 3 հիմնական դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Կարինե Ստեփանյանի դասընթացավարությամբ, իսկ 7-9-րդ դասարանի աշակերտները, նույն դպրոցի անգելերեն լեզվի ուսուցչուհի Աննա Գևորգյանի ուղեկցությամբ, սոցիալական ձեռնարկատիրության հիմունքները քայլ առ քայլ կդարձնեն հաղթահարելի, բիզնեսին առնչվող գիտելիքների շնորհիվ էլ իրենց գործարար գաղափարներով կփորձեն նպաստել համայնքի զարգացմանը:
Ակումբում պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 3 անգամ` մեկական ժամով, յուրաքանչյուր խմբում` մինչև 15 աշակերտ:
Վերապատրաստման դասընթացներ անցած ուսուցիչները նոր մեթոդների կիրառման շնորհիվ անգլերենի մատուցումը և անգլերենի միջոցով նոր գիտելիքների ձեռքբերումը կդարձնեն առավել հետաքրքիր և գրավիչ:
Ի դեպ, ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներ են անցել Սևանի տարածաշրջանի և Հրազդան քաղաքի անգլերեն լեզվի ուսուցիչները: Ծրագրի իրականացման նախապատվությունը տրվել է Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցին:
Դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը կարևորում է նման ծրագրերի իրականացումը և վստահեցնում է, որ այն ունենալու է ոչ միայն հաջող մեկնարկ, այլ նաև նույնքան բարեհաջող ընթացք` գումարվելով դպրոցի արդեն իսկ ունեցած ձեռքբերումներին:
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը համոզված է, որ սա միջմշակութային հաղորդակցության լավագույն հնարավորություն է, Սևանի և տարածաշրջանի դպրոցի երեխաներն էլ պետք է օգտագործեն այդ հնարավորությունը լեզվական գիտելիքների խորացման և հետագա քայլերի մշակման ընթացքում:
«Հրաշալի ծրագիր է, այստեղ դասավանդվող մեթոդը պետք է դուրս գա դպրոցի պատերից և ուղղորդի ուսուցիչներին այն կիրառելու լեզուների դասավանդման ընթացքում, որը տալիս է հնարավորություն զարգացնելու լեզվամտածողությունը և միջմշակութային հաղորդակցությունը»,- ավելացրեց պարոն Բադալյանը:
Կարևորելով նման ակումբների գործունեությունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նկատեց, որ ակումբում իրականացվող աշխատանքը թույլ է տալու երեխաներին վերլուծելու, որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու:
Առաջարկվող մեթոդները անգլերենի յուրացումը դարձնում են հաճելի և հետաքրքիր, որի շնորհիվ էլ երեխաները հաճույքով են մասնակցելու պարապմունքներին:
Հավելենք, որ հոկտեմբերի վերջին ևս մեկ ակումբ բացվելու է Վանաձորում:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/10/09/912316/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner