Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/11/2018
Հայտնի են Լավագույն համայնք 2018 մրցանակաբաշխության հաղթողները

2018-ի քաղաքային լավագույն քաղաքային համայնքը Սևանն է, իսկ լավագույն գյուղական համայնքը՝ Գառնի համայնքը:
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Նոր Հայաստան-նորացված համայնքներ խորագրով ընդունելություն՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:
Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև «Համայնքային առաջնորդների դասընթացների» նոր փուլի մասին, այնուհետև անցկացվեց «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխությունը։
2006 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը, որպես համայնքների գնահատման ու խրախուսման լավ միջոց։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն ասաց՝ մրցանակները կրկնակի արժևորվում են նրանով, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրը:
Էմին Երիցյանն իր ելույթում նշեց. «Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյա ճանապարհը հեշտ չի անցել,սակայն հաստատուն առաջ է գնացել։
Քաղաքական ու հանրային միջավայրը մշտապես փոփոխվում են, ու տեղական ինքնակառավարումը յուրաքանչյուր նման շրջափուլով անցնելուց ավելի է ամրապնդվում պետականության հիմնասյունի իր էության մեջ։
Դա ևս մեկ անգամ փաստվեց ապրիլյան հեղափոխության օրերին, երբ կաթվածահար էր պետական ողջ համակարգը, ենթակառուցվածքները, միևնույն ժամանակ, համայնքները շարունակում էին ամենօրյա ռեժիմով ապահովել ծառայությունները՝ բանակի հետ միաժամանակ այդ փուլում դառնալով երկրի կենսագործունեության երաշխավորը»։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն էլ նկատեց. «Տեղական ինքնակառավարման 22 տարվա պատմությունը մի կողմից բավարար ժամանակ է խորքային եզրահանգումներ անելու համար, բայց մյուս կողմից էլ բավականին երիտասարդ տարիք է, որպեսզի հնարավոր լինի արձանագրել, որ հասել ենք նրան, ինչին ձգտել ենք։ Մենք դեռ անելիքներ ունենք, մենք դիմանիկ զարգացող համակարգ ենք, որը շատ արագ արձագանքում է փոփոխություններին։
Մենք ունենք նաև բավական զգալի ձեռքբերումներ, կայացած թիմ, ՏԻՄ լավ մասնագետներ, որակյալ փորձագիտական հանրույթ։ Մենք պետք է կարողանանք արդյունավետորեն արձագանքել առկա խնդիրներին, եթե չարձագանքնենք համակարգում կունենանք լրջագույն խնդիրներ։
Արդեն 22 տարի մենք ունենք տեղական ժողովրդավարություն, որը մեր երկրի զարգացման հիմնասյուներից է»:
Լավագույն գյուղական համայնք ճանաչված Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի կարծիքով՝ նման պարգևի արժանանալը պարտավորեցնող է. «Համայնքում կատարվել է ճանապարհների լուսավորությունը, մոտ վեց կմ ջրագիծ է կառուցվել: Այս պարգևը նաև ոգևորող է քանի որ իմ կարծիքով՝ շատ աշխատանք ունենք դեռևս անելու»:
Անդրադառնալով լավագույնններին ընտրելու չափանիշներին՝ Էմին Երիցյանն ասաց, որ հաշվի է առնվել նաև այն, թե ընտրված համայնքն ինչպիսի ճանաչում ունի բնակիչների շրջանում:
Նա հավելեց. «Կարող է համայնքը բավարարել չափանիշներին, աշխատանք անել, ներկայացնել թվերով, տեսանյութերով, բայց բնակչությունը չունենա այդ կարծիքը: Ուստի որպեսզի այդ դիսոնանսը չլինի, մենք բնակիչների կարծիքն էլ ենք հաշվի առել»:
«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակ ստացան Էջմիածինն ու Գավառը, «Բարեկարգ համայնք» անվանակարգում՝ Տաշիրն ու Գորիսը, «Մշակութային լավագույն համայնքներն» են Գյումրին ու Փարաքարը, «Տարվա նշանակալից առաջընթաց» 2018 բոլոր խոշորացված համայնքների համար անվանակարգում մրցանակ ստացավ Ամասիա համայնքը, «Տարվա նշանակալից առաջընթաց 2018» անվանակարգում (բոլոր համայնքների համար)՝ Քասախը, Տարվա լավագույն ֆրանկոֆոն համայնքը Արտաշատն է, Տարվա երիտասարդական համայնքը՝ Սիսիանը, «Տարվա նախաձեռնություն 2018» անվականարգում հաղթող ճանաչվեց Արթիկ քաղաքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
http://www.caa.am/news/best-community.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner