Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
16/08/2017
Հեծանվային հեղափոխության ճանապարհին

Եվս մի քանի օր, և հայ հեծանվորդուհիները Ֆրանսիայի Լը Ման քաղաքում կմասնակցեն «Լե Մանի 24 ժամ» միջազգային մրցույթին: Այս մասնակցությունը հնարավոր է դարձել Գրենոբլի քաղաքապետարանի աջակցությամբ` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: «Սևանում երկու տարի առաջ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Հեծանվային հեղափոխություն» խորագրով հեծանվավազք: Նպատակը մեկն էր` զարգացնել հեծանվային մշակույթը, այն դարձնել առավել մասսայական,- ասում է Սևանի Ֆրանկոֆոն ակումբի տնօրեն, մրցույթին մասնակցող խմբի համակարգող Գոհար Մնացականյանը և շարունակում:- Մեր աշխատանքներին Ֆրանսիայից հետևել է «Հայաստան. փոխանակում և զարգացում» ասոցիացիայի տնօրեն Կատրին Փունարջյանը և այն ներկայացրել Supra Chic Mechanics ասոցիացիայի նախագահին: Անցյալ տարի, երբ գտնվում էի Գրենոբլում, ինքս ծանոթացա ասոցիացիայի տնօրենի հետ, քննարկեցինք «Լե Մանի 24 ժամ»-ին մասնակցելու պայմանները: Նրանց համար ցանկալի էր եվրոպական ոչ տիպիկ երկրից հրավիրել հեծանվորդ աղջիկների թիմ: Գրենոբլի քաղաքապետարանն էլ իր աջակցությունը ցուցաբերեց այս հարցում, այն է` Հայաստանից 6 կին հեծանվորդի մասնակցության ապահովումն այս միջազգային մրցույթին»: Արդեն 9 ամիս տարբեր տարիքի ու մասնագիտության, տարբեր նախասիրություններ ունեցող 6 կանայք և աղջիկներ, մարզիչ, պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամսոն Բուլղադարյանի գլխավորությամբ, սովորում են «անիվները պտտելու արվեստը»: Աղջիկներից ոմանք հեծանվի հետ ընկերացել են այս ընթացքում, ոմանք ունեն որոշակի փորձ: Գոհարը նշում է, որ մարզիչ Բուլղադարյանը աղջիկների հետ պարապում է, ինչպես պրոֆեսիոնալների: Խումբն ունի նաև իր անվանումը` Revovelo, և խմբի մասնակիցներն էլ փորձելու են Հայաստանը լավագույնս ներկայացնելու Ֆրանսիայում, որտեղ 20 երկրից մասնակցելու է 2500 մասնակից: Մինչ աղջիկներն իրենց ամենօրյա մարզումներն էին անցկացնում, Գրենոբլի քաղաքապետարանի առաջարկությամբ կանանց հեծանվասպորտի թեման ներառվել էր նաև Սևանում անցկացվող Ֆրանսերենի ուսուցման ամառային դպրոցի ծրագրում, որն անցկացվում է Ֆրանս – Ֆորմասիոն ինտերնասիոնալ կազմակերպության կողմից: Թեմատիկ բառապաշարի ուսուցումից բացի, իրականացվել է երկու ձեռնարկ` նկարչական աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում և «Աղջիկները հեծանվով» ֆոտոսեսիա: Հետևում թողնելով պարապմունքների երկար և ոչ դյուրին ամիսները` աղջիկները` մարզչի և համակարգողի ուղեկցությամբ, Գրենոբլ կժամանեն օգոստոսի 19-ին: Մրցույթը անցկացվելու է օգոստոսի 25-28-ը Լե Մանում: 24-ժամյա մրցույթի ընթացքում աղջիկները փոխարինելու են միմյանց` պահպանելով մրցույթի կանոնները: Մրցույթից հետո Revovelo-ն կրկին կհյուրընկալվի Գրենոբլում, որտեղ նրանց սպասվում է հետաքրքիր ժամանցային ծրագիր: Խմբի համակարգողի փոխանցմամբ` նախատեսված է հանդիպումներ բնակչության հետ, հեծանվավազք քաղաքի կենտրոնում, ընդունելություն քաղաքապետարանում, հյուրընկալություն հայ համայնքում, հայկական կողմից տեղացիներին մշակութային ծրագրի ներկայացում: Հավելենք, որ Հայաստանը միջազգային այս մրցույթին մասնակցում է առաջին անգամ, որն իրականացվում է Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/08/16/902626/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner