Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/03/2019
Շարժական ART GALLERY ծրագիրը` ինքնատիպ գաղափարների հարթակ

Օրեր առաջ Սևանում մի հարկի տակ հավաքված երիտասարդ ստեղծագործողները, որոնց միավորել էր «Շարժական ART GALLERY» ծրագիրը, ներկայացնում էին մշակութային տարբեր ոլորտներ:
«Շարժական ART GALLERY»-ին իրողություն է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չլիդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ:
Նպատակն է` նպաստել երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը: Այս հանդիպումն էլ, որը ծրագրային բաղադրիչներից մեկն էր, ինչպես նշում են ծրագրի համակարգողները, նպատակ ուներ բացահայտելու ստեղծագործական այն ռեսուրսը, որն առկա է մեր շրջապատում, ինչպես նաև նրանց միջոցով ճանապարհ հարթել ինքնատիպ գաղափարների կյանքի կոչման համար:
Ծրագիրը տալիս է հնարավորություն` դուրս գալու կաղապարներից, մշակելու առավել հետաքրքիր և կրեատիվ գաղափարներ: «Քանի որ հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Սևանի տարածաշրջանի այլ նաև այլ քաղաքների արվեստագետներ, ապա միտք հղացավ ստեղծելու ցանց, որը հնարավորություն կտա մշակելու նոր ծրագրեր, և մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ կարող են համախմբել նույն գաղափարի շուրջ` դառնալով դրա կրողն ու իրականացնողը»,- ասում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը:
Ծրագրի ընթացքում պատրաստված շարժական պատկերասրահի համար նախատեսված պատերը հիմք դարձան մի այլ գաղափարի համար, այն է` արշավ դեպի ցուցահանդես:
Օրեր անց արվեստագետներն իրենց աշխատանքները կներկայացնեն Գոմաձորում վերհառնող, Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի հարևանությամբ: Ճանաչողական և մշակութային այս ինքնատիպ ձեռնարկն իր շուրջն է համախմբելու 8 արվեստագետի, որը միաժամանակ միմյանց հետ ծանոթանալու լավագույն առիթ է:
Հանդիպման ընթացքում սկիզբ դրվեց ևս մեկ նախաձեռնության, որը ստացավ կրեատիվ անվանում` «Ստեղծագործեմ ստեղծագործությամբ»: Այդ հետաքրքիր գաղափարի հիմքում կարող է լինել գիրք, նկար, լուսանկարչական աշխատանք, ֆիլմ, որը մեկ այլ ստեղծագործության համար դառնալու է նախաբան: «Գիշերային ցուցահանդես» անունը կրող ձեռնարկն էլ նպատակ ունի երիտասարդ նկարիչների համար բացելու նոր հորիզոններ:
Ֆոսֆորով կատարվող աշխատանքները ցուցադրվելու են և ցերեկվա ժամերին, և գիշերը:
Նույն նկարի վերաբերյալ ստեղծվելու է երկակի մոտեցում, որը դուրս է լինելու ստանդարտներից:
Ծրագրի շրջանակներում կազմակերպիչները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել նաև Հայաստանի նկարիչների միության հետ, մասնավորապես` համագործակցելու են միության երիտասարդական թևի հետ, որ արդյունքում ամռան ամիսներին նախատեսվում է թերակղզում կազմակերպել ցուցահանդեսներ:
Ծրագիրը չի շրջանցելու նաև ստեղծագործող պատանիներին: Նախատեսված է երկու ցուցահանդես. ժամանակակից ստեղծագործողների դիմանկարների և ապրիլյոթյան թեմաներով, որի առանցքում են լինելու գարնանային պատկերները, բնանկարները:
Եռակողմ ծրագիրը` «ՕքսԵՋեն» հիմնադրամ-Սևանի համայնքապետարան-««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ համագործակցությամբ, լավագույն հնարավորություն է` երիտասարդների համար բացելու մի նոր պատուհան ինքնաարտահայտման և հանրայնացման ճանապարհին, ինչպես նաև համայնքային մշակութային կյանքում գրանցելու լուրջ տեղաշարժեր:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/03/15/1028836/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner