Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
22/03/2018
Գեղարքունիքի մարզում զարգանում է արեգակնային էներգետիկան

Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում տարեցտարի ավելանում է այն տնտեսությունների թիվը, որոնք «Շտիգեն» կազմակերպության աջակցությամբ տեղադրում են արեւային ջրատաքացուցիչներ եւ արեւային էներգիայի ստացման համակարգեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտիգեն» կազմակերպության տնօրեն Հայկ Շեկյանը, արդեն 7 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզում իրենց կողմից իրականացվում է «Արեւային համայնք» ծրագիրը, որի շրջանակում մարզի համայնքներում տեղադրվում են արեւային ջրատաքացուցիչներ եւ արեւային էներգիայի համակարգեր:
«Անցած յոթ տարում մեր աջակցությամբ մարզի տասնյակ տնտեսություններ տեղադրել են արեւային ջրատաքացուցիչներ կամ արեւային էներգիայի արտադրության համակարգեր:
Արդյունքները գոհացուցիչ են, ոլորտի զարգացումն ապահովող: Մենք այցելում ենք համայնքներ,պահանջված հայտերի հիման վրա տեղադրում 10, 20 կամ 30 արեւային ջրատաքացուցիչներ կամ արեւային էլեկտրաէներգիայի արտադրության սարքեր:
Տեղերում ունենք մասնագետներ, ովքեր զինված են համապատասխան գիտելիքներով եւ իրենք են տեղադրում սարքավորումները: Այս դեպքում մենք նաեւ կայուն աշխատատեղերի ստեղծման խնդիր ենք լուծում: Տեղադրման աշխատանքները մենք իրականացնում ենք շուկայականից ցածր գներով:
Մասնագետների հաշվարկների համաձայն՝ Գեղարքունիքում տարեցտարի ավելանում է արեւային ջրատաքացուցիչների տեղադրման պահանջարկը: Տեղադրվող սարքավորման գինը 440 հազար դրամ է, շուկայականից համեմատաբար էժան: Արեւային ջրատաքացուցչի տեղադրման պարագայում ամռան ամիսներին գազի կամ էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնք ամսական կազմում են 10-15 հազար դրամ՝ մոտ 6 շնչի հաշվով, գրեթե զրոյացվում են:
Մենք մեր շահառուներին սարքավորումները տրամադրում ենք նաեւ ապառիկ, անտոկոս, իսկ մարման արժեքը ամսական կկազմի 7-8 հազար դրամ՝ թեեւ սարքերի տեղադրման եւ շահագործման դեպքում խնայողությունը տնտեսություններում կկազմի ավելի քան 10 հազար դրամ»,-հավաստեց Հայկ Շեկյանը:
Տնօրենի կարծիքով, այս ծրագիրը մեծապես կարող է Գեղարքունիքում խթանել ձմեռային տուրիզմի զարգացումը, քանի որ արեւոտ օրերի քանակությամբ Գեղարքունիքը համարվում է Հայաստանի առաջատար մարզը, որտեղ հնարավոր է արեւից էներգիա կորզել անգամ ձմռան խստաշունչ ամիսներին:
«Տուրիզմի սպասարկման շատ օբյեկտներ Գեղարքունիքում աշխատում են ընդամենը երկու-երեք ամիս եւ փակվում են էներգետիկ բավարար ռեսուրսներ չունենալու պատճառով:
Համոզված եմ, որ արեւային էլեկտրաէներգիայի արտադրության սարքերի տեղադրման պարագայում դրանք կաշխատեն ավելի երկար՝ ապահովելով տուրիստների ակտիվ հոսք»,-հավելեց Հայկ Շեկյանը: Առաջիկայում «Շտիգենը» արեւային ջրատաքացուցիչներ եւ արեւային էլեկտրաէներգիա արտադրող սարքեր կտեղադրի նաեւ Գավառում, Գանձակում, Վարդենիկում եւ Մարտունիում:
Կազմակերպության տնօրենը իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ հանդիպում եւ զրույց է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Խոսվել է մարզի համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների եւ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/927218/gexarquniqi-marzum-zarganum-e-aregaknayin-energetikan.html#.WrOcJchkF2k.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner