Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
27/11/2018
Սևան քաղաքում կգործի շարժական պատկերասրահ

Սեւան քաղաքում օրերս կմեկնարկի «Շարժական ART GALLERY» ծրագիրը, որը նպաստելու է երիտասարդ ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաեւ՝ համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, շարժական պատկերասրահ ունենալու գաղափարը վաղուց էր հասունացել, այն քննարկվել էր տարբեր հանդիպումների ժամանակ, սակայն իրողություն դարձավ «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի եւ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ:
«Դեռ ամիսներ առաջ, երբ տրվեց ծրագրի մեկնարկը, հանդիպումներ տեղի ունեցան հանրապետության տարբեր համայնքներում, այդ թվում՝ Սեւանի համայնքապետարանում: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ողջունեց ծրագրի իրականացումը, մասնավորապես` Սեւան համայնքի ընդգրկումը այդ ծրագրում:
Հանդիպմանը հաջորդեց «Երիտասարդ աշխատողների հմտությունների բարելավում» դասընթացաշարը, որին Սեւան համայնքից մասնակցել են Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի մասնագետ Անի Պետեյանը եւ «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ ներկայացուցիչ Մերի Սեդրակյանը:
Մասնակցությանը զուգահեռ՝ նրանք համայնքային քննարկումների արդյունքում նախապատրաստել եւ ներկայացրել են ծրագրային փաթեթներ, որոնցից ընտրվել է «Շարժական ART GALLERY»-ին:
Ծրագրի շահառուներն են 16-30 տարեկան արվեստագետները: Նրանց վերաբերյալ հավաքվելու է տեղեկատվություն, կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ:
Քաղաքում չկա պատկերասրահ կամ ցուցադրությունների համար նախատեսված հատուկ տարածք: Այս պատկերասրահը գալիս է լրացնելու այդ բացը՝ միաժամանակ լինելով շարժական, ընձեռում է գործողությունների եւ հնարավորությունների ազատություն: Սովորաբար մարդիկ են գնում պատկերասրահ, իսկ այս դեպքում պատկերասրահն է գնալու մարդկանց մոտ, միաժամանակ ցուցադրությունները զուգորդվելու են մշակութային այլ միջոցառումների հետ:
Միաժամանակ առաջիկա ամիսներին կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ունենալ յուրահատուկ համագործակցային ցանց:
Շարժական պատկերասրահի գործարկմամբ առավել հեշտ է գտնել ստեղծագործական նոր լուծումներ, որոնք հնարավորություն կտան ապահովելու ցուցահանդեսների ինքնատիպությունն ու յուրօրինակությունը:
Երիտասարդ արվեստագետները ոչ միայն կմասնակցեն հանդիպում-քննարկումներին, այլ նաեւ կհամագործակցեն միմյանց հետ, ինքնարտահայտման նոր հարթակներ կգտնեն, կկազմակերպեն ցուցահանդես-վաճառքներ:
Ծրագրի ընթացիկ աշխատանքներում ներգրավված երիտասարդներն էլ առավել մոտիկից կծանոթանան համայնքային անցուդարձին ու խնդիրներին, կկարեւորեն ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը զարգացման ծրագրերում: Սա նաև լավագույն հնարավորություն է ձեւավորելու արվեստի նկատմամբ վերաբերմունք, ակտիվացնելու համայնքային մշակութային կյանքը:
Ծրագրի համակարգողները վստահեցնում են, որ պատկերասրահն ունենալու է երկար կյանք: Այն առավել կենսունակ կլինի ամռան ամիսներին: Սա նաեւ միջհամայնքային համագործակցության հնարավորություն է, որի շնորհիվ առավել մեծ թվով երիտասարդ ստեղծագործողներ կներկայանան կողք կողքի»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/955976.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner