Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/07/2018
Երաժշտական այս տոնը նպաստելու է Սևանա լճի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը

Արդեն 4-րդ անգամ Սևանը կհյուրընկալի «Սևան» երաժշտական փառատոնի մասնակիցներին, ովքեր հնարավորություն կունենան օգոստոսյան 2 օրը դարձնել ինքնատիպ, լցված լավ ու բարձրաճաշակ երաժշտությամբ, և այդ ամենը` Սևանա լճի ու Սևան քաղաքի ընկերակցությամբ: «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած փառատոնը տարեցտարի ընդլայնում է և’ աշխարհագրությունը, և’ բովանդակությունը:
«Մեր հասարակական կազմակերպությունը 2015թ. մասնակցեց սոցիալական ձեռնարկատիրության դասընթացներին: Դասընթացին հաջորդեց ծրագրի ներկայացման փուլը: Գաղափարը մեկն էր` կազմակերպել երաժշտական փառատոն, որի միջոցով հնարավոր է մշակույթը ուղղորդել ձեռներեցության ոլորտ,- ներկայացնում է Երիտասարդական ակումբի նախագահ Գոհար Մնացականյանը:- Այդ տարվա ամռանը մեր գաղափարը կյանքի կոչվեց, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող անհատներ և խմբեր:
Իհարկե, եկամուտ ստանալու մասին խոսելն ավելորդ էր, սակայն տոնը կայացավ և համախմբեց շատերին` սկիզբ դնելով մշակութային մի նոր իրադարձության»:
2016թ. օգոստոսյան փառատոնը միավորեց տարբեր մարզերի և Երևան քաղաքի կայացած և սկսնակ համույթներին, անհատ կատարողներին:
Նպատակն ավելի հստակեցվեց` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր շրջաններում ապրող երիտասարդներին, նրանց տրամադրել բեմ, հնարավորություն տալ ելույթներ ունենալ արդեն կայացած երգիչների կողքին, միաժամանակ աշխուժացնել տեղացիների ու զբոսաշրջիկների ամառային առօրյան: Ի թիվս հանրապետությունում անցկացվող մի շարք մարզային փառատոների, «Սևան երաժշտական» փառատոնը 2017թ. իր տեղն ու օրը գտավ մարզային փառատոների շարքում:
Անցյալ տարվա օգոստոսի 12-ին Սևանը հյուրընկալեց փառատոնի մասնակիցներին և սևանցիներին, տեղի և արտերկրի զբոսաշրջիկներին հնարավորություն տալով վայելելու բարձրաճաշակ երգ ու երաժշտություն Սևանա լճի ափին:
Փառատոնի կազմակերպիչները դեռևս ամիսներ առաջ վստահեցնում էին, որ այս տարի անցկացվող փառատոնը լինելու է մեկ քայլ առաջ:
Որպես դրա ապացույց` այն դարձել է երկօրյա, և մեկ օրն էլ անցկացվելու է Սևան քաղաքում: «Գաղափարին միացել են այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր քաղաքում փառատոնի անցկացումը համարում են ոչ միայն ճիշտ, այլ նաև արդարացված:
Սևանի համայնքապետարան- Գեղարքունիքի մարզպետարան-մշակույթի նախարարություն-փառատոների ասոցիացիա-Գրենոբլի քաղաքապետարան-«Բոհեմ» արվեստանոց-թեյարան համագործակցությունն այս փառատոնի շուրջ կայացել է, և յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում փորձելու է այս երաժշտական միջոցառումը դարձնել առավել հետաքրքիր և նպատակային»,- ասում է Գոհար Մնացականյանը:
Այս տարի փառատոնի մասնակցության հայտեր են ներկայացրել ինչպես Երևանից, հանրապետության տարբեր մարզերից, այնպես էլ արտերկրից` Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից, ՌԴ-ից:
Օգոստոսի 11-ին Սևանա լճի ափին` հանրային թիվ 1 լողափում, կհյուրընկալվեն ռոք խմբերը, իսկ օգոստոսի 12-ին քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում` «Փյունիկ» խաչքարի հարևանությամբ` ֆոկլյոր խմբերը:
Կազմակերպիչները նկատում են, որ փառատոնի գաղափարախոսության հենքը Սևանին շնորհակալություն ասելն է, և փառատոնի երկու օրերը, դրանց հաջորդող և նախորդող ողջ շրջանը պետք է ուղեկցվի ակտիվ քարոզարշավով, որի առանցքում լճի արժևորումն է: Նախապես բոլոր խմբերին կոչ է արվել պատրաստել փոքրիկ տեսաֆիլմ-պրեզենտացիա` «Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից դառնալու է այս գաղափարի կրողն ու քարոզողը:
Փառատոնի շուրջ համախմբված գործընկերները ևս կմիանան այս քարոզարշավին: Ի դեպ, փառատոնի մասնակցության հայտ ներկայացրած 30 խմբից ընտրվել է 14-ը, ովքեր համապատասխանում են փառատոնի այս տարվա ձևաչափին, այն է` ռոք և ֆոկլյոր խմբեր:
Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ «Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով անցկացվող երաժշտական այս տոնը նպաստելու է Սևանա լճի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը, հնարավորություն է ընձեռելու տարվա մեջ մեկ-երկու օր մեր գեղեցկուհի լճին շնորհակալություն հայտնելու, ինչպես նաև միտված է առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելուն, բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն սերմանելուն և մաքրություն պահպանելուն:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/07/23/971699/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner