Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
02/11/2018
Սևանցի ծանրամարտիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ

Սևանցիները հպարտանալու և ոգևորության նոր չափաքանակ ստացան նախօրեին. առիթն էլ` մարզական էր:
Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում մարզադպրոցի սան, եռամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը, շարունակելով իր ռեկորդների շարքը, սահմանեց նոր ռեկորդ ուժային եռամարտ մարզաձևից` տեղի ձգելով 303կգ-ոց ծանրաձողը:
Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից:
Այն ժամանակ նա տեղից ձգեց 250կգ-ոց ծանրաձողը: Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260կգ-ոց ծանրաձողը, Վարազդատը գերազանցեց իր իսկ սահմանած 230կգ և 250կգ ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը:
Նոր ռեկորդի սահմանմանը ներկա էին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ և հիմնադիր, սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը, Պաուերլիֆթինգ ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը, որը նաև նույն մարզաձևի աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն է, ուժային եռամարտ մարզաձևի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր Միքայել Աբրահամյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի վարչության գլխավոր մասնագետ, ֆեդերացիայի նախագահության անդամ, մանկավարժական գիտությունների դոցենտ Սերգեյ Աբրահամյանը, մարզասերներ, մարզիկներ:
Օրն էլ վերածվել էր մարզամշակութային միջոցառման` ժողովրդական պարային կատարումների և ծանրամարտի խմբի սաների ցուցադրական ելույթների ուղեկցությամբ:
Վարազդատ Հակոբյանը, որի անձնական քաշը 65 կգ է, հաղթահարեց նաև այդ մարտահրավերը և իր նոր ռեկորդը նվիրեց մարզչին` Յուրիկ Սարգսյանին, որը նոյեմբերի 1-ին նշում էր ծննդյան 78-ամյակը:
Ռեկորդներին զուգահեռ մարզադպրոցում շարունակվում են ամենօրյա պարապմունքները, որոնց շնորհիվ սևանցի շատ ծանրամարտիկներ լավագույնս ներկայացնում են Սևանն ու հանրապետությունը տարբեր առաջնություններում:
Օրեր անց` նոյեմբերի 15-ին, Վարազդատ Հակոբյանը, Վահագն Միքայելյանը, Արթուր Ակիշին և Կարեն Առաքելյանը մասնակցելու են Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը, իսկ Գարիկ Ղազարյանը և Լևոն Օհանյանը պատրաստվում են մասնակցելու 2019թ-ին տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Այժմ էլ վաստակավոր մարզիչ Յուրի Սարգսյանը և նրա սան Գառնիկ Աբրահամյանը մարզում են 45 երեխաների և պատանիների:
Մարզիկների և մարզիչների կողքին է կանգնած Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, որն իր ամենօրյա աշխատանքի առանցքում է պահում մարզադպրոցի գործունեությունը և աջակցում է ցանկացած հարցում` պարապմունքներից մինչև մրցելույթներ: Նոր ռեկորդի սահմանումը դարձավ տոն, որը լի էր բարեմաղթանքներով, շնորհավորանքներով, պարգևատրումներով ու նվերների հանձնմամբ:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/11/02/990872/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner