Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
16/07/2018
Լողափնյա հանգիստը համատեղվեց թաեքվոնդոյի առաջնությամբ

Ակտիվ հանգստի կազմակերպման, թաեքվոնդո մարզաձևի մասսայականացման նպատակով Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրինությունը և թաեքվոնդոյի մարզիչ Խաչիկ Թորոսյանը նախօրեին հեղինակել էին իր տեսակի մեջ եզակի մարզական միջոցառում:
«Գեղամա ծով» խորագրով օլիմպիական թաեքվոնդոյի լողափնյա առաջնության մասնակից էին դարձել Երևան, Սևան, Էջմիածին, Հրազդան, Նոյեմբերյան, Ապարան քաղաքների և Ծովազարդ գյուղի թաեքվոնդոիստները, որոնք ներկայանում էին 10 թիմով: Առաջնության կազմակերպիչ, թաեքվոնդոյի մարզիչ Խաչիկ Թորոսյանի փոխանցմամբ` նման առաջնություն անցկացնելու գաղափարը վաղուց կար: «Հետաքրքիր էր այս մարզաձևը տեղափոխել լողափնյա տարածք, այն դարձնել առավել մասսայական, ստեղծել ստանդարտներից դուրս միջավայր, որը կնպաստեր հանգստյան օրն առավել հիշարժան դարձնելուն, միաժամանակ կնպաստեր մարդկանց հոսքին»,- ասում է պարոն Թորոսյանը:
Առաջնությունն անցկացվեց Երևանի առագաստային ակումբի` Սևանի ափին գտնվող վինդսերֆինգի կենտրոնում:
Առաջնության մասնակիցները ներկայացան 3 տարիքային խմբով` 2001-2003թթ., 2004-2006թթ. և 2007-2008թթ. ծնվածներ: Մրցավարական կազմը ներկայացնում էին թաեքվոնդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Մրցումները գնահատվում էին սենսորային համակարգով` բացառելով մարդկային գործոնը:
Չնայած օրվա ոչ բարենպաստ եղանակային պայմաններին` առաջնությունը ոչ միայն կայացավ, այլ նաև իր շուրջը համախմբեց բազմաթիվ երկրպագուների, հովեկների և զբոսաշրջիկների: Մարզիչ Թորոսյանը բավարարված է արդյունքներից և վստահեցնում է, որ այս առաջնությունը լինելու է ամենամյա` ընդգրկելով ավելի մեծ աշխարհագրություն:
Այսպիսի առաջնությունները լավագույն միջոց են նաև զբոսաշրջության խթանման, ներքին տուրիզմի զարգացման համար: Ինչպես նշեց Խաչիկ Թորոսյանը, առաջնության մասնակիցներից, ինչպես նաև հանդիսատեսներից ոմանք առաջին անգամ էին այցելում Սևանա լիճ, հյուրերն էլ ժամանել էին ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից այլ նաև Ռուսաստանի Դաշնությունից:
Այսպիսի առաջնությունները պետք է դառնան լավագույն առիթ ավելի մեծ թվով մարդիկ Սևան բերելու համար: Խորհրդանշական է, որ մրցանակների հանձնման արարողակարգն էլ տեղի ունեցավ Սևան քաղաքում` Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Թաեքվոնդոյի առաջնության կազմակերպիչ Թորոսյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց Երևանի Առագաստային ակումբի նախագահ Մհեր Թովմասյանին և բոլոր աջակիցներին այս գաղափարին թև տալու և կյանքի կոչելու համար:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/07/16/970647/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner