Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
25/07/2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը եղել է Գավառ քաղաքի Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում: Խորհրդարանի ղեկավարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժման հատուկ կուրսեր անցնող սահմանափակ ունակություններով երեխաների ծնողների, մասնագետների ու երեխաների հետ: Վերականգնողական կենտրոնում անվճար սպասարկվում են ֆիզիկական, մտավոր, լսողական, լեզվական, հոգեբանական խնդիրներ ունեցող 0-18 տարեկան շուրջ 350 երեխաներ եւ դեռահասներ մարզի տարբեր համայնքներից: Ինչպես տեղում ներկայացրել են ՀՀ ԱԺ նախագահին, երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում բացվել է մշտական 10-ը աշխատատեղ, եւ, ամենակարեւորը, բոլոր մասնագետները տեղացիներ են: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարն այցելել է Գավառ քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչը նախատեսվում է ավարտել 2018թ-ի սեպտեմբերին: Արդիականացված մանկապարտեզում գործելու է 4 խումբ, որոնցից մեկում ընդգրկվելու են սահմանափակ կարողություններով երեխաները. նրանց համար ստեղծվելու են ներառական կրթության համար նախատեսված բոլոր պայմանները: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը եղել է նաեւ Գավառի մանկատանը, որտեղ ապրում է 58 երեխա: Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմաններին եւ դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը: «Մեր պատասխանատվությունը երեխայի հանդեպ ոչ միայն երջանիկ մանկությունը, այլ նաեւ երջանիկ ապագան ապահովելն է»,- ներկայացնելով այցի հիմնական նպատակը՝ լրագրողների հետ զրույցում նշել է Արա Բաբլոյանն ու հավելել. «Մեր մտածած ծրագիրը հիմնականում ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանությանը, ընդ որում, այն պետք է ընթանա կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում: Պետք է անենք հնարավորը, որպեսզի ծրագիրն աշխատի արդյունավետ՝ ներառելով վերականգնողական կենտրոն-մանկապարտեզ-դպրոց-մասնագիտացում եւ աշխատանք կապը: Վերականգնողական կենտրոնից հետո հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները ներառական կրթությունը շարունակելու են մանկապարտեզներում, ապա՝ դպրոցներում: Մեր նպատակն է նաեւ նորածին երեխաների, օրինակ, լսողական խնդիրները հայտնաբերել ժամանակին ու անվճար տալ ճիշտ ախտորոշում, ինչն էլ կօգնի հետագայում երեխային ապարատի միջոցով արհեստական չխոսել»,- եզրափակել է Արա Բաբլոյանը: ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը, նշել է նաեւ, որ որքան շուտ լուծվի երեխայի խնդիրը, այնքան շուտ նա կվերադառնա ընտանիք, ինչն էլ իր հերթին կնպաստի մանկատների բեռնաթափմանը: Այցի ավարտին խորհրդարանի նախագահը նաեւ եղել է Սեւանում կառուցվող Բժշկական կենտրոնում, որտեղ նախատեսվում է միավորել հիվանդանոցը եւ պոլիկլինիկան մեկ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնում: Սեւանի նորակառույց բժշկական կենտրոնը հագեցած է լինելու ժամանակակից բժշկական սարքավորումներով:

ՊԱՌԼԻԱՄԵՆՏ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner