Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
26/07/2017
Սևանի տեղեկատվական գրասենյակը` զբոսաշրջային հոսքերի մոտ

Հուլիսի 1-ից Սևանի թերակղզում հյուրերին և զբոսաշրջիկներին կրկին դիմավորում է «Bari galust» ցուցանակը կրող տեղեկատվական գրասենյակը: Տեղեկատվական շարժական գրասենյակը թերակղզու հրապարակում գործում է արդեն 3-րդ տարին` ամռան ամիսներին սպասարկելով տեղեկատվության կարիք ունեցող բազմազգ այցելուներին: Կարեւորելով տեղական զբոսաշրջության առաջարկների զարգացումը եւ որակի բարելավումը, Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, տարիներ առաջ ստեղծվել է զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակը: «Անցած տարիների ընթացքում գրասենյակը զարգացում ապրեց համակարգման, աշխատակիցների վերապատրաստման, ընդունելության որակի բարելավման առումներով: Սակայն մեկ կարևոր բաց միշտ էլ զգացնել է տվել. գտնվելով քաղաքում` քաղաքապետարանի վարչական շենքի 1-ին հարկում, տուրիստական գրասենյակը հեռու է գտնվել տուրիստական հոսքերից, զբոսաշրջիկների մի ստվար մաս շրջանցել է քաղաքը: Արդյունքում` գրասենյակ այցելողների թիվը չի արտացոլել իրական վիճակագրությունը,- ներկայացնում է զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը: Վերջինս հավելում է, որ ունենալով այս իրավիճակը` հնարավոր չի եղել ունենալ սեզոնային ողջ պատկերն եւ հեռահար ծրագրեր մշակել հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Հաշվի առնելով սա, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Սևանի թերակղզին տարածաշրջանի այն վայրն է, որի շուրջ լողափեր են, այստեղ են գտնվում Սևանավանքը, հանգստի գոտիները, ժամանցի վայրերը, դեռեւս 2011թ-ին Գրենոբլի քաղաքապետարանում քննարկվել է տեղեկատվական գրասենյակի գտնվելու վայրի հարցը: Ֆրանսիական Աֆրատ կազմակերպությունը նույն թվականին ուսումնասիրել է զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակը տուրիստական հոսքերին մոտ տեղափոխելու խնդիրը: 2015թ. թերակղզում կայանեց զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակը, որը Սևան էր բերվել Գրենոբլից: Գրասենյակի շարժական լինելն էլ տալու էր առավելություն բազմապիսի միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաեւ ձմռան ամիսներին այն պահպանելու համար: Զբոսաշրջային գործի պատասխանատու Դավիթ Թորոսյանը ներկայացնում է գրասենյակի հիմնական գործառույթները• տուրիստների ընդունելություն, որը ներառում է տեղեկատվություն տրամադրելու, ուղղորդելու, տարածաշրջանը գովազդելու, ինչպես նաեւ տարածաշրջանի վերաբերյալ ինֆորմացիա հաղորդելու` ժամանցի կազմակերպման ձևեր, միջոցառումներ, տեսարժան վայրեր, գիշերակաց, սննդի կետեր եւ այլ բաղադրիչներ: Զուգահեռ իրականացնելու է հեռախոսային եւ էլեկտրոնային ընդունելություն, աշխատանք մասնագիտացված կառույցների հետ, միջոցառումների կազմակերպում, որը նպատակ ունի գրավելու միջազգային եւ տեղական զբոսաշրջիկներին: Միաժամանակ վաճառվում է տարածաշրջանային տնայնագործական պայմաններում արտադրված գյուղմթերք, ձեռքի աշխատանք, տարածաշրջանը ներկայացնող ապրանքատեսակներ: Գրասենյակը գործում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին` պայմանավորված Սևանում տուրիզմի սեզոնայնությամբ: Գրասենյակը տարածքին ծանոթանալու նպատակով ցանկացողներին տրամադրում է նաև ուղեկցողներ, որոնք Սևան պետական քոլեջի հյուրանոցային բաժնի ուսանողներ են կամավորական հիմունքներով աշխատում են գրասենյակում: Շարժական տեղեկատվական գրասենյակի աշխատակիցների աշխատանքային օրը ծանրաբեռնված է և բազմաշերտ, որը չի ընդգրկում միայն տարածաշրջանը: Այստեղ պատրաստակամ են ներկայացնելու ողջ Հայաստանը` զբոսաշրջային գրավչություններով, ինչպես նաև տրամադրելու համապատասխան բրոշյուրներ, քարտեզներ: Սևանում զբոսաշրջային գործի պատասխանատու Դավիթ Թորոսյանը ներկայացնում է նաև զբոսաշրջիկների վերաբերյալ թվային վիճակագրություն: Համաձայն դրա` հուլիսի 1-20-ը Հայաստան, մասնավորապես` թերակղզի է այցելել և գրասենյակի ծառայություններից օգտվել ԱՊՀ երկրներից /հիմնականում` ՌԴ-ից/ 32, Ֆրանսիայից` 28, Լեհաստանից` 39, Գերմանիայից` 24, ԱՄՆ-ից` 33, Իրանից` 59, այլ երկրներից` 37 զբոսաշրջիկ: 56 հայեր ևս /արտերկրից ժամանած և Հայաստանից/ տեղեկատվական գրասենյակում ստացել են համապատասխան ինֆորմացիա: Զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակը համագործակցում է հանրապետության նմանատիպ մյուս գրասենյակների հետ, իսկ առաջիկայում պատրաստվում է հեղինակել նաև միջոցառումներ ու փառատոններ:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/07/26/899402/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner