Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
02/10/2017
Առաջարկվել է Սևանին տալ զբոսաշրջային քաղաքի կարգավիճակ, որը հնարավորություն կտա քաղաքում իրականացնելու մի շարք ներդրումային ծրագրեր (Ֆոտոշարք)

Այս տարի էլ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մի ստվար հատված հայաստանյան քարտեզի վրա նախընտրել են Սևանա լիճն ու ափամերձ տարածքները:
Սևանի տուրիստական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի կողմից տրամադրված տվյալների համաձայն` Սևանա թերակղզու ավտոկանգառի տարածք ժամանած զբոսաշրջիկների թիվը հուլիս-օգոստոս ամիսներին եղել է 75919 մարդ, որից 8%-ը օգտվել է գրասենյակի ծառայություններից:
Ոչ միայն լիճը, այլ նաև լճափին գտնվող Սևան քաղաքն էլ կարող է դառնալ զբոսաշրջիկներին հյուրընկալող, հետաքրքրություն ներկայացնող լավագույն վայր:
Այնինչ, Սևանը վերջին տարիներին դարձել է տարանցիկ ճանապարհ, որի արդյունքում դուրս է մնացել զբոսաշրջային գործընթացներից:
Սևանի զբոսաշրջային գրավչության ավելացման, տեղացիներին զբոսաշրջային գործի մեջ ներգրավելու համար «Տեխնոդրոմ» ՀԿ-ն «Տուրիզմ ստարտափ» ծրագրի իրականացման փորձեց լրացնել մի շարք բացեր` միաժամանակ գրանցելով զգալի տեղաշարժ:
Ծրագիրն արդեն հատել է վերջնագիծը, իսկ եռամսյա աշխատանքն էլ տվել է որոշակի արդյունք:
Այն լավագույն միջոց էր շփումների խոչընդոտը վերացնելու ճանապարհին երիտասարդներին զինելու լեզվական անհրաժեշտ իմացությամբ, յուրացնելու զբոսաշրջային գործի նրբությունները, զբոսաշրջիկին բերելու Սևանի տարածաշրջան, տեղացիներին կապելու համայնքին` միաժամանակ համայնքը դարձնելով ներկայանալի:
«Իհարկե, 3 ամիսը մեծ ժամանակահատված չէր ոլորտն ամբողջովին ուսումնասիրելու համար, սակայն այն ուղղությունները, որոնք ընտրվել էին ի սկզբանե, կարողացանք առաջ տանել` անգլերենի ուսուցումից մինչև զբոսավարների պատրաստում, հյուրատների ստեղծումից մինչև գովազդային նյութերի տպագրություն, որոնք ամբողջացան ոլորտային օրենսդրության ներկայացմամբ, հաղորդակցման հմտությունների փոխանցմամբ, տուրերի կազմակերպմամբ»,- ասում է ծրագրի ղեկավար Գայանե Մհերյանը:
Սևանի տարածաշրջանի, մասնավորապես` Սևան քաղաքի, Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի, Լճաշեն, Ծովագյուղ համայնքների 100-ից ավելի երիտասարդներ այսուհետ կարող են իրենց համայնքներ հյուրընկալված զբոսաշրջիկի հետ ոչ միայն հաղորդակցվել, այլ նաև դառնալ զբոսավար` ուղեկցելով տարածաշրջանի պատմամշակութային և այլ հետաքրքրություն ներկայացնող վայրեր, տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն գործող հյուրատների վերաբերյալ:
«Զբոսաշրջային հոսքերի կառավարումը թույլ է տալիս մտածել լայն ու բաց. միշտ պետք է իմանալ, որ կա հնարավորություն, ինչու այն չօգտագործել և ստանալ երկկողմանի եկամուտ:
Եթե Դիլիջանում, Էջմիածնում, Ծաղկաձորում կամ Երևանում հյուրատների հաջողված օրինակներ կան, ինչու չօգտագործել արդեն իսկ կիրառվող լավագույն փորձը ու այն ավելի զարգացնել» ,- նշում է Գայանեն:
Ծրագրի ավարտից հետո 12 ընտանիք ստեղծել է իր ընտանեկան բիզնեսը` հյուրատների տեսքով, զբոսավարների մի խումբ էլ պատրաստ է համայնքներ ոտք դնող զբոսաշրջիկների համար դառնալ հուսալի ուղեկից: Հիմքը դրված է. մնում է այն բարելավել, գործի մեջ հոգի դնել և առաջ գնալ:
Ծրագրի ընթացքում մասնակիցներն այց են կատարել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտե:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս մի շարք առաջարկությունների և դիտարկումների, առաջարկվել է` Սևանին տալ զբոսաշրջային քաղաքի կարգավիճակ, որը հնարավորություն կտա քաղաքում իրականացնելու մի շարք ներդրումային ծրագրեր, բարելավելու ենթակառուցվածքները, ինչպես նաև լիճն ու լճի ափին փռված քաղաքը դարձնել «օգտագործելի» շուրջ տարին:
Սա դեռևս միայն ցանկություն-առաջարկ է, իսկ դրան հասնելու ճանապարհին շատ կարևոր է գովազդային արշավի կազմակերպումը: Գայանե Մհերյանի փոխանցմամբ` դրա արդյունքում Սևան քաղաքի և հարակից համայնքների փողոցներում և տեսանելի հատվածներում արդեն կարելի է հանդիպել պոստերներ, որոնք «կհուշեն» զբոսաշրջիկին և հյուրերին` որտեղ գնալ, ինչ ուղի ընտրել:
Ծրագրի արդյունքում տպագրված տեղեկատվական գրքույկն էլ համատեղել է հյուրատների վերաբերյալ տեղեկատվություն, զբոսավարների կոնտակտային տվյալները, պատմամշակութային վայրերի և այցելության այլ հասցեների լուսանկարներ, որոնք անվճար տարածվելու են:
Ինչպես նշեց ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի մասնագետ Անդրանիկ Մանուկյանը` կատարված է լավ և մնայուն գործ, որը զբոսաշրջությանը նորովի մոտենալու հաջողված փորձ է: Հաջողված փորձն էլ հնարավոր դարձավ համագործակցային աշխատանքի շնորհիվ:
Գայանե Մհերյանը թվարկում է ծրագրի աջակից անձանց և կազմակերպություններին` Սևան, Լճաշեն, Ծովագյուղ համայնքների ղեկավարներ, համայնքապետարանի տեղեկատվական տուրիզմի գրասենյակի պատասխանատու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ` ի դեմս բուսաբանական այգու և այցելուների կենտրոնի տնօրեններին, ՓՄՁ Գեղարքունիքի մասնաճյուղ, ԱՄՆ Խաղաղության կորպուս:
Սևան համայնքի համար զբոսաշրջությունը համարվում է գերակա ուղղություն, և նմանատիպ ծրագրերն էլ օգնում են համայնքին մեկ քայլ առաջ գնալու և ցանկալի արդյունքին հասնելու համար:
Տեղեկացնենք, որ 2013թ. ԱՄՆ փոխանակման «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների համար, Բոստոն էր մեկնել նաև «Տեխնոդրոմ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գայանե Մհերյանը:
2017թ. ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց ԱՄՆ շրջանավարտներին դրամաշնորհային ծրագրի մրցույթ, որի նպատակն էր կապ պահպանել փոխանակման և ուսումնական ծրագրերի մասնակիցների հետ, խրախուսել նրանց` համախմբելու ջանքերը մի շարք ոլորտներում, որոնք թույլ կտան ապահովել ժողովրդավարական զարգացումը:
Ծրագրի մրցութային փուլին մասնակցեց նաև «Տեխնոդրոմ» ՀԿ-ն` ներկայացնելով տարածաշրջանի գերակա ուղղություններից մեկին` զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր, որը ներառում է աջակցություն ստարտափներին և ձեռներեցության խթանում:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/10/02/910980/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner