Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
17/05/2017
Սևան երաժշտական փառատոնն ընդգրկվել է մարզային փառատոների շարքում

Սևանը, որն ավանդաբար համարվել է զբոսաշրջային գոտի, դեռևս խորհրդային ժամանակներից կուտակել է զգալի փորձ, որը, սակայն, ներկայումս կամ չի օգտագործվում, կամ էլ չկատարելագործվելով` կորցնում է արդիականությունը: Սևանում զբոսաշրջային գործի զարգացման համար անհրաժեշտ են հիմնարար քայլեր` նպատակային ծրագրերի տեսքով: Դրվագային աշխատանքը, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, չունի հեռանկար և խորը ազդեցություն: Զբոսաշրջության զարգացման ազդեցիկ և արդյունավետ գործիքներից է փառատոների անցկացումը: Հայաստանում տարածում են ստացել հատկապես այն փառատոները, որոնք ներկայացնում են ազգային խոհանոցը, սովորույթները: Նմանատիպ փառատոների անցկացմամբ հնարավոր է և զբոսաշրջիկներ գրավել, և տարածաշրջանը ու դրա միջոցով հանրապետությունը դարձնել ներկայանալի: Գինու, խորովածի, տոլմայի, գաթայի, թթենու, մեղրի ու հատապտուղների և նմանատիպ այլ փառատոների անցկացումը, որն արդեն մտել է կենցաղի մեջ և ձևավորել ավանդույթներ, տարածաշրջանային կյանքի աշխուժացման լավագույն միջոց է, միաժամանակ մշակույթի, ավանդույթների, ճանաչողության, ժամանցի համատեղման հնարավորություն: Այս փառատոների շարքում առանձնանում է Սևան երաժշտական փառատոնը: Այն անցկացվում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից: Անցկացման վայրն է Սևանի թերակղզին: «Մեր հասարակական կազմակերպությունը 2015թ. մասնակցեց սոցիալական ձեռնարկատիրության դասընթացներին: Դասընթացին հաջորդեց ծրագրի ներկայացման փուլը: Գաղափարը մեկն էր` կազմակերպել երաժշտական փառատոն, որի միջոցով հնարավոր է մշակույթը ուղղորդել ձեռներեցության ոլորտ,- ներկայացնում է Երիտասարդական ակումբի նախագահ Գոհար Մնացականյանը:- Ամռանը մեր գաղափարը կյանքի կոչվեց, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող անհատներ և խմբեր: Իհարկե, եկամուտ ստանալու մասին խոսելն ավելորդ էր, սակայն տոնը կայացավ և համախմբեց շատերին` սկիզբ դնելով մշակութային մի նոր իրադարձության»: Անցած տարի փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրությունը: Այս անգամ օգոստոսյան փառատոնը միավորեց տարբեր մարզերի և Երևան քաղաքի կայացած և սկսնակ համույթներին, անհատ կատարողներին: Նպատակն ավելի հստակեցվեց` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր շրջաններում ապրող երիտասարդներին, նրանց տրամադրել բեմ, հնարավորություն տալ ելույթներ ունենալ արդեն կայացած երգիչների կողքին, միաժամանակ աշխուժացնել տեղացիների ու զբոսաշրջիկների ամառային առօրյան: Գոհարը նպատակների շարքում ավելացնում է նաև փառատոնին մասնակից մարդկանցից «օգուտ» ստանալու բաղադրիչը: «Սևանի ափին անցկացվող այս փառատոնը զբոսաշրջիկների հոսք բերելու լավագույն ձևաչափ է,- ասում է փառատոնի կազմակերպիչներից մեկը` Գոհար Մնացականյանը,- լճի ափին ծառայություններ մատուցող և առևտուր կազմակերպող տնտեսվարողներն այդ ժամանակահատվածը կարող են օգտագործվել նպատակային: Այս փառատոնի անցկացումը նաև զբոսաշրջային ընկերությունների հետ աշխատելու լուրջ հայտ է»: Ի թիվս հանրապետությունում անցկացվող մի շարք մարզային փառատոների, «Սևան երաժշտական» փառատոնն էլ այս տարի իր տեղն ու օրը գտավ մարզային փառատոների շարքում: Այսուհետ օգոստոսի 12-ին Սևանը կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին և սևանցիներին, տեղի և արտերկրի զբոսաշրջիկներին հնարավորություն կտա վայելելու բարձրաճաշակ երգ ու երաժշտություն Սևանա լճի հարակից տարածքում: Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ «Շնորհակալություն, Սևան» խորագրով երաժշտական այս տոնը պետք է նպաստի նաև Սևանա լճի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը, հնարավորություն ընձեռի տարվա մեջ մեկ օր մեր գեղեցկուհի լճին շնորհակալություն հայտնելու, ինչպես նաև միտված լինի առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելուն, բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն սերմանելուն և մաքրություն պահպանելուն: Փառատոնը հավակնում է դառնալ ավանդական, լճի ափից գալ դեպի Սևան քաղաք և չսահմանափակվել մեկ օրվա շրջանակներում: Փառատոնի մասնակցության հայտերն արդեն ընդունվում են, և, ինչպես հավաստիացնում են փառատոնի կազմակերպիչները, չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, հաղթելու են ամենազոր երաժշտությունը և այդ երաժշտությամբ ամրագրված բարեկամությունը:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/05/17/886227/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner