Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
02/08/2017
Նորովի մոտեցում զբոսաշրջային գործին. ամեն ինչ սկսելով ներքևից

Հուլիսի սկզբից Սևանում մեկնարկել է «Տուրիզմ ստարտափ» եռամսյա ծրագիրը, որն իրականացվում է «Տեխնոդրոմ» ՀԿ-ի կողմից: Դեռևս 2013թ. ԱՄՆ փոխանակման «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների համար, Բոստոն էր մեկնել նաև «Տեխնոդրոմ» ՀԿ-ի նախագահ Գայանե Մհերյանը: 2017թ. ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց ԱՄՆ շրջանավարտներին դրամաշնորհային ծրագրի մրցույթ, որի նպատակն էր կապ պահպանել փոխանակման և ուսումնական ծրագրերի մասնակիցների հետ, խրախուսել նրանց` համախմբելու ջանքերը մի շարք ոլորտներում, որոնք թույլ կտան ապահովել ժողովրդավարական զարգացումը: Ծրագրի մրցութային փուլին մասնակցեց նաև «Տեխնոդրոմ» ՀԿ-ն` ներկայացնելով տարածաշրջանի գերակա ուղղություններից մեկին` զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր, որը ներառում է աջակցություն ստարտափներին և ձեռներեցության խթանում: Սևանի տարածաշրջանում զբոսաշրջային գործի զարգացման քայլերն առավել հիմնարար և շոշափելի դարձնելու համար փորձ է արվում այն մոտեցնել տեղաբնակներին` ամեն ինչ սկսելով ներքևից: «Տեղացիներն այս ծրագրի միջոցով ստանալու են մեկնարկային տուրիզմի, հյուրատնային բիզնեսի և գործունեության, գյուղական և էկոտուրիզմի մասին տեսական և գործնական գիտելիքներ,- ներկայացնում է «Տեխնոդրոմ»-ի նախագահ Գայանե Մհերյանը և հավելում:- Զուգահեռաբար մասնակիցները ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն տարածաշրջանի և բնական և մշակութային ժառանգության վերաբերյալ»: Ծրագիրն իրականացվում է Սևան /ներառյալ Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը/, Լճաշեն, Ծովագյուղ համայնքներում: Ծրագրի մասնակիցներն են Սևանի պետական քոլեջի ուսանողները, հյուրատներ ստեղծելու ոլորտում 1-ին քայլեր կատարողները, այն անձինք, որոնք պատրաստվում են նոր գործ սկսել: Գայանե Մհերյանի փոխանցմամբ` մասնակիցների թիվը գերազանցում է 100-ը, ոմանք, տեղեկանալով ծրագրի մասին, ցանկություն են հայտնել մասնակցելու` չնայած այլ համայնքներից են, որոնք ներառված չեն ծրագրում: Դասընթացների բովանդակային կողմն ապահովելու նպատակով ընտրվել է 4 ուղղություն: Անգլերեն լեզվի ուսուցման բաղադրիչն ապահովվում է Սևանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավոր Ջեկի Գրանտի կողմից, տուրիստական գործը ներկայացնում է Սևանի համայնքապետարանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը: Զբոսավար դառնալուց մինչև սեփական գործ հիմնելու ճանապարհին տեղացի երիտասարդները քայլ առ քայլ ծանոթանում են գործի նրբություններին, ձեռքբերում հմտություններ: Ճիշտ հաղորդակցություն ապահովելու համար մասնակիցների հետ աշխատում է նաև հոգեբան: «Մեր տարածաշրջանում շատերը չեն համարձակվում գործ սկսել: Օդի մեջ է «ինչից սկսել» հարցը: Ահա այստեղ է, որ ծրագիրը գալիս է օգնության. տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն առանց մեծ ռեսուրսներ ներգրավելու բարելավել մարդկանց սոցիալական վիճակը, տալ նրանց աշխատելու հնարավորություն»,- ասում է Գայանե Մհերյանը: Համայնքներում դասընթացների ավարտից հետո ծրագիրը կթևափոխի 2-րդ փուլ: Նախատեսված է տեղեկատվական բուկլետների տպագրություն, որը ներառելու է տվյալներ գործող հյուրատների վերաբերյալ, նաև այն երիտասարդների տվյալները, որոնք կարող են հաղորդակցվել զբոսաշրջիկների հետ, պատրաստ են նրանց ներկայացնելու իրենց համայնքը: Նույն տեղեկատվությունը տրամադրվելու է նաև օնլայն եղանակով: Համայնքներում տեղադրվելու են տեղեկատվական ցուցանակներ, տեսարժան վայրերը պատկերող ցուցանակներ, որոնք ծրագրում ընդգրկված 5 համայնքների վերաբերյալ տալու են որոշակի գաղափար: Ծրագրի ավարտին մասնակիցների համար նախատեսվում է զբոսաշրջային, տեղեկատվական տուր Դիլիջան, Երևան, Էջմիածին, հանդիպումներ գործող ու կայացած հյուրատների սեփականատերերի հետ: Համայնքը զբոսաշրջիկին առավել մոտեցնելու համար արվեստի օջախները ևս ներգրավվելու են այդ գործընթացում կազմակերպվելու են վարպետաց դասեր, ազգային խոհանոցն էլ է ներառվելու այդ գործընթացում: Այս ամենի հիմքում ընկած է մեկ գաղափար` տեղացի երիտասարդը պետք է սովորի գումար վաստակել, կայուն եկամուտ ունենալ` օգտագործելով եղած ռեսուրսները և իր հմտությունները: Ծրագիրը լավագույն միջոց է լրացնելու շատ բացեր. շփումների խոչընդոտը վերացնելու ճանապարհին զինել լեզվական անհրաժեշտ իմացությամբ, յուրացնել զբոսաշրջային գործի նրբությունները, զբոսաշրջիկին բերել Սևանի տարածաշրջան, երիտասարդներին կապել համայնքին` միաժամանակ համայնքը դարձնելով ներկայանալի: Իհարկե, ոչինչ հեշտ չի ստեղծվում, սակայն նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Գայանե Մհերյանը թվարկում է նաև ծրագրի աջակից անձանց և կազմակերպություններին, որոնց շնորհիվ ծրագիրը հաջող մեկնարկել է և սահուն ընթանում է` Սևան, Լճաշեն, Ծովագյուղ համայնքների ղեկավարներ, համայնքապետարանի տեղեկատվական տուրիզմի պատասխանատու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ, ՓՄՁ Գեղարքունիքի մասնաճյուղ, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր: Մեկնարկային /ստարտափ/ տուրիզմին ուղղված ծրագիրը սեպտեմբերին կհատի վերջնագիծը` մեկնարկ տալով զբոսաշրջային ոլորտում տարածաշրջանային նոր դրսևորումներին: Սա այն դեպքն է, երբ մասնակիցներին ձկան փոխարեն տալու են կարթ մշտական և կայուն եկամուտ ապահովելու համար:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/08/02/900503/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner